Խաղաղության գործընթացը երկար գործընթաց է, և ժամանակի ընթացքում, իհարկե, այդ դիրքորոշումները ավելի կփակփեն, ավելի ընկալելի կդառնան հասարակության համար։ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այսպես է մեկնաբանել ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Հանրային ճնշումը շատ բարձր է, որպեսզի վերադարձվեն գերիները։ Ես վստահ եմ, որ վերադարձվելու են։ Ուղղակի՝ բնականաբար, կոշտ հռետորաբանությունը ադրբեջանական կողմում դեռևս որոշ չափով պահպանվել է, ոչ թե ամբողջությամբ, այլ որոշ մասով, և դրա համար ժամանակ է պահանջվում։ Ես վստահ եմ, որ պայմանագիր կնքելուց հետո անպայման ազատ կարձակվեն գերիները, կվերադարձվեն հայրենիք»,– ասել է նա։
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Ալիեւի պահանջին, Բագրատյանն ասել է. «Միջազգային վեճ կա՝ թե մեր կողմն է ավելի ճիշտ, որովհետև մենք ասում ենք՝ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից։ Այսինքն՝ եթե դա այդպես է, պայմանագիր կնքելիս Սահմանադրությամբ ամրագրված ինչ-որ նորմ, նույնիսկ եթե որևէ երկրի համար խնդիր է առաջացնում, այլևս չի կարող ավելի բարձր համարվել, քան կնքվող պայմանագիրը։ Հետևաբար կարծում եմ, որ այս իմաստով հայկական կողմն է ճիշտ՝ որ Սահմանադրությունը չենք գրում և օրենքները չենք գրում, որովհետև միջպետական միջազգային պայմանագիր է կնքվում, իսկ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից, ներքին պետական օրենքներից»։









