Foto

Իրանը դատապարտել է ԱԷՄԳ-ի ընդունած բանաձևը, դադարեցրել Կահիրեի համաձայնագրի գործողությունը

Իրանը և մի շարք այլ երկրներ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան նոյեմբերի 20-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Հայտարարությունը տարածել են Իրանը, Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան և Զիմբաբվեն:

«Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խորհուրդը հաստատեց հակաիրանական բանաձևը, որը մշակվել էր երեք եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից՝ Իսրայելի ռեժիմի ճնշման տակ», – նշված է հայտարարության մեջ:

Ըստ հրապարակման՝ բանաձևը, որը հաստատվել է 19 կողմ, 12 ձեռնպահ և 3 դեմ ձայներով, մեղադրում է Իրանին երաշխիքների առնչությամբ պարտավորությունները չկատարելու համար՝ «առանց նշելու Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ»։

Բանաձևը չի անդրադառնում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հունիսին իրականացված «անօրինական ագրեսիային Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, որոնք անընդհատ ստուգվում էին ԱԷՄԳ տեսուչների կողմից»:

Նաև նշվում է, որ ԱԷՄԳ-ն և նրա գլխավոր տնօրենը նույնիսկ «չեն դատապարտել այդ բացահայտ և անօրինական ագրեսիան»։

Բացի այդ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է սեպտեմբերին Իրանի և ԱԷՄԳ-ի միջև Կահիրեում ձեռք բերված համաձայնությունը: Այդ մասին համապատասխան նամակ է ուղարկվել ԱԷՄԳ գլխավոր տնօրենին: