Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով անցկացվել են ռուս-չինական խորհրդակցություններ՝ նվիրված հրթիռային պաշտպանությանը և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտներին։ Անցկացվել է վերոնշյալ հարցերի խորը ուսումնասիրություն, որը ներառել է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական ռիսկեր ստեղծող համապատասխան ապակայունացնող գործոնների համատեղ վերլուծություն, ինչպես նաև դրանց նվազագույնի հասցնելու ուղիների վերաբերյալ կարծիքների փոխանակում», – նշված է նախարարության կայքում։
Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել այդ ոլորտներում երկխոսության և փոխգործակցության մակարդակի և որակի վերաբերյալ և հաստատել են դրանք ամրապնդելու իրենց հանձնառությունը։









