Մոսկվան ուշադիր հետևում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան և Երևանը միջկառավարական ուղիներ ունեն նման հարցերի քննարկման համար», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀԷՑ-ը եղել է Հայաստանի էներգաշուկայի առաջատար խաղացողը, աշխատանքով է ապահովել 200 հազար քաղաքացու, կանոնավոր կերպով վճարել է հարկերը: Զախարովան հիշեցրել է, որ Կարապետյանը, 10 տարի առաջ կանգնելով ընկերության գլխին, անձնական միջոցների հաշվին Հայաստանի կառավարության հետ միասին փոխհատուցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Նա նաև նշել է այն միջոցները, որոնք ընկերությունը ծախսել է ենթակառուցվածքի թարմացման համար։
Զախարովան հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից նշանակված նոր ղեկավարը կներկայացնի «կառավարման արդյունավետ մոդել»՝ նշելով, որ «պետք է դատել կոնկրետ գործերով»:









