Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հիմա չի իրականացնի, քանի որ այն կարող է նվազեցնել Երևանի դրդապատճառներն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում, հստակ կերպով բացահայտեց մի կարևոր իրողություն։ Այդ խոսքերը ոչ միայն փաստացի հերքեցին իշխանության կողմից երկար ժամանակ հրամցվող այն նարատիվը, թե հայ–թուրքական հարաբերությունները, իբր, մոտ ապագայում կբարելավվեն, սահմանները կբացվեն, այլև ցույց տվեցին՝ որքան խոցելի ու վտանգավոր դիրքում է հայտնվել մեր պետությունը։
Վերահաստատվեց, որ Թուրքիան ունի շատ հստակ պայմաններ, որոնք ամբողջությամբ համընկնում են Ադրբեջանի պահանջների հետ։ Իսկ այդ պահանջները, որոնց թվում են սահմանադրական փոփոխությունները, անկլավների վերադարձը և Հայաստանի տարածքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցման հեռանկարը, մեր պետության ինքնիշխանության և անվտանգային դիմադրողականության համար լուրջ սպառնալիք են։
Գործող իշխանությունն, իր հերթին, վերարտադրվելու պարագայում ակնհայտորեն կրկին կփորձի շահարկել պատերազմի վտանգը՝ սեփական անգործությունը, սխալները և անկարողությունը քողարկելու համար։ Ներքին վախի ու արտաքին ճնշման համադրումը դարձել է այդ վարչակարգի հիմնական գործելաոճը։ Սակայն իրականում գոյություն ունեն բազմաթիվ այլընտրանքային ուղիներ՝ խուսափելու Հայաստանի ապագա գոյությունը վտանգի ենթարկելուց և, միաժամանակ, պահելու հնարավորությունը հարևանների հետ կառուցողական ու խաղաղ երկխոսության համար։
Հայաստանը կարող է լինել խաղաղ, պաշտպանված, օրենքի գերակայությամբ առաջնորդվող, ազգային արժեքներով ամրապնդված և տնտեսապես զարգացած պետություն, և միայն այդ դեպքում նա կարող է հետաքրքիր ու հուսալի գործընկեր լինել թե՛ հարևանների, թե՛ միջազգային խոշոր դերակատարների համար։
Իշխանության ներկայիս թուլությունն ու հեռատեսության պակասն առավել քան ակնհայտ է․ վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների շեշտակի նվազումը դրա ամենավառ ապացույցներից մեկն է։ Այդ միտումը ոչ միայն տնտեսական ճգնաժամի ցուցիչ է, այլ նաև՝ միջազգային վստահության կորստի։
Այս ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է պատասխանատու կառավարում՝ արմատապես նոր մոտեցմամբ և նոր որակով, քանի որ գործող վարչակարգը բազմիցս ապացուցել է իր անկարողությունը՝ պետությունն առաջնորդելու գործում։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան









