Foto

Հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության. նրա սխրանքը պատահականություն չէր, այլ տեսակի արդյունք. Նաիրի Սարգսյան

Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-րդ տարեդարձը։

Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը կռվեց ոչ միայն ֆաշիզմի դեմ, այլև հանուն իր արժանապատվության, գոյության ու ապագայի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հարյուր հազարավոր հայեր, այդ թվում՝ 147 մարշալներ, գեներալներ ու ծովակալներ, իրենց կյանքը նվիրեցին մի պայքարի, որն ուներ համամարդկային արժեք։ Այս կռվում մարտնչեցին հայեր ինչպես Խորհրդային Հայաստանից, այնպես էլ սփյուռքի ամենահեռավոր գաղթօջախներից։

Հայ զինվորն առանձնացավ իր խիզախությամբ, ռազմարվեստով և մարդկային արժեքներին անսասան հավատով։

Նա կռվել է արժանապատվորեն, խելքով ու համառությամբ՝ ապացուցելով, որ հայի ուժը միայն զենքի մեջ չէ, այլ նաև հոգու, մտքի և պատասխանության:

Այսօր, երբ փորձում են արժեզրկել մեր տեսակն ու պատմական ներդրումը, պետք է բարձրաձայնել՝

հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության, և նրա սխրանքը պատահականություն չէր, այլ տեսակի արդյունք։

Հիշում ենք՝ հպարտությամբ և խոնարհումով։

Հավերժ փառք բոլոր հերոսներին»,- գրել է նա: