Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում կայացավ դերասան Հայկ Դարբինյանի դերակատարմամբ «Օդ» մոնոներկայացումը:
Ներկայացման ռեժիսորը Դավիթ Խալաթյանն է, սցենարի հեղինակը՝ Անի Առաքելյանը:
«Օդ»-ը պատմություն է այն մարդու մասին, ով կյանքի ամենածանր պահին հրաժարվում է հանձնվելուց ու ընտրում է ապրելու ճանապարհը։ Մոնոներկայացման հիմքում ընկած են դոկումենտալ պատմություններ:
«Ներկայացման ընդհանուր գաղափարը տունը գտնելն է, բայց խոսքը ոչ թե ուղիղ իմաստով տան մասին է, այլ՝ մենակությունն ու դատարկությունը լցնելու: Ներկայացումը չհանձնվելու մասին է:
Գլխավոր հերոսը ցույց է տալիս, թե ինչպես է մարդ փորձում փախչել մենակությունից ու ճանապարհին ինչ փորձությունների է հանդիպում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասան Հայկ Դարբինյանը:
Պիեսը գրվել է 5 ամսում: Հայկի խոսքով՝ թեև այն իրական պատմություն է, բայց պիեսում կան նաև հորինված հատվածներ:
«Պատմվել են պատմություններ, որից հետո ամեն ինչ գեղարվեստորեն կապել ենք իրար: Բեմադրության հիմքում անիմացիան է, ներկայացումը 18 + կոնցեպտով է, քանի որ արծարծվում է նաև բռնության և ինքնասպանության թեման:
Ներկայացումը սկսվում է այն տեսարանով, երբ հերոսը ինքնասպանության փորձ է անում, հետո որոշում է ապրել ու հեռանում է երկրից՝ նոր կյանք գտնելու փնտրտուքներով: Այստեղից զարգանում է ամբողջ պատմությունը»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:
Ներկայացումը բավական լավ արձագանք է ստացել, թեև դեռ 3 անգամ է խաղացվել:
Հանդիսատեսն այն հասցրել է դիտել նաև «Արմմոնո» փառատոնի շրջանակներում: Ներկայացումն ընդգրկված է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի խաղացանկում:
Խոսելով իր դերակատարման մասին՝ Հայկ Դարբինյանն անկեղծացավ՝ շատ բարդ էր, քանի որ մի քանի տարի չէր խաղացել թատրոնում:
«Բավական բարդ մարտահրավեր էր նորից վերադառնալ բեմ, հատկապես մոնոներկայացման պարագայում, երբ 55 րոպե բեմում միայնակ ես: Բայց, երբ երկար ու տքնաջան աշխատում ես, անհնարին ոչինչ չկա»,- ամփոփեց դերասանը: