Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին․
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ։
Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը՝ ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու Կաթոլիկ Եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանը։
Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու Քույր Եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո ամուր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ»։
Նորին Սրբությունը մաղթել է Սրբազան Քահանայապետին քաջառողջ երկար տարիներ և հոգևոր անսպառ զորություն՝ առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։