Ամռան սկզբին Եվրոպա մեկնելու համար դեռ փետրվարից պետք է սկսել վիզայի դիմումի համար ժամ ամրագրել, մարդիկ օրեր, ժամեր շարունակ են փորձում:
Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մեկնելը մի քանի անգամ բարդացել ու թանկացել է. քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել, անգամ այնպիսի դեպքերում, երբ Եվրոպա գնալն անհրաժեշտ է՝ մասնագիտական, գիտական կամ կրթական նպատակներով։
Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Իսպանիա, Չեխիա, Հունաստան. կա՛մ դեսպանատներում, կա՛մ վիզա կենտրոններ դիմելն էլ գլխացավանք է դարձել քաղաքացիների համար:
Տուրիզմի ոլորտի փորձագետ Յաշա Սոլոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին խնդիրն այն է, որ շատացել են թռիչքները դեպի Եվրոպա, իսկ վերջին հինգ-վեց տարիներին շատ լոուքոսթերներ են հայտնվել դեպի Եվրոպա տարբեր ուղղություններով, և հետևաբար՝ ավելացել է ուղևորների քանակը, և դրա հետ կապված՝ ցավոք, դեսպանատներում չեն հասցրել համապատասխան փոփոխություններ իրականացնել, որպեսզի ավելացնեն սպասարկող անձնակազմ, որպեզի կարողանան էլ՛ ավելի շատ հոսքեր սպասարկել:
Առցանց հերթագրման համակարգի փոխարեն քաղաքացիները հիմա ժամադրություն կարող են ամրագրել դեսպանատանը նամակ գրելով։ Սակայն այս փոփոխությունից հետո էլ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են՝ սպասարկման սահմանափակ հնարավորությունների պատճառով քաղաքացիները կարող են սպասել մինչև 5 ամիս։
«Եթե մենք համարվում ենք ավելի արագ ֆիզիկապես օր վերցնողներ, մենք անզոր ենք արդեն բոտի դեմ, վայրկյանական՝ 1-3 վայրկյանում առավելագույնը, օրը փակվում է, այսինքն՝ ինչ-որ մեկը վերցնում է: Սա ավելի գլոբալ ու մեծ խնդիրներից է, ցավոք սրտի, եվրոպական բյուրոկրատիան այնպիսին է, որ տարիներ է տևում, մինչև ինչ-որ փոփոխություններ են անում: Ավելի շատ ցանկացող կա, քան տեղ, դրան էլ գումարվել են մի շարք անբարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր մի շարք ծրագրերի միջոցով փակում են բոթերը, այնուհետև հանում դրանք վաճառքի: Պրոցեսը վերածվել է բիզնես սխեմայի», -նշեց Սոլոմոնյանը:
Նրա խոսքով՝ խոսվում է նաև կոռուպցիոն սխեմաների մասին, բայց բացառում եմ, որ դեսպանատները մասնակցում են այդ կոռուպցիոն գործարքներին: Օրինակ, մենք ունենք դեսպանատներ, որ Հայսատանում էլ չեն: Օրինակ, Իսպանիայի դեսպանատուն դիմելու համար դիմում ենք վիզա կենտրոնին, այնուհետև թղթերը հավաքվում ու ուղարկվում են Մոսկվա կամ Թբիլիսի, որը բավականին միջնորդավորված է:
Սոլոմոնյանի խոսքով՝ խնդիրն ավելի շատ նաև միջպետական է: «Մեր ԱԳՆ-ն շատ անելիքներ ունի՝ տվյալ պետությունում ու դեսպանատան հետ աշխատանքներ տանելու համար: Ես ինձ՝ որպես քաղաքացի, վատ եմ զգում, որ պետք է տարատեսակ թղթեր հավաքեմ, հերթերում սպասեմ, այն էլ հարց է, կլինի՞, թե՞ չէ: Դա վիրավորում է արժանապատվությունդ ամեն ձևով», -եզրափակեց Սոլոմոնյանը: