Foto

Սա անկարողությո՞ւն, ապաշնորհությո՞ւն է, թե՞ հետևողական պարտվողական քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունն օր օրի ավելի խորն է ներքաշվում Ադրբեջանի պատրաստած ծուղակո՞ւմ, թե՞ ՀՀ իշխանությունը գիտակցված է երկիրը տանում դեպի անդունդ։

2021թ-ին, կրկին իշխանությունը վերցնելիս, Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին, որ Արցախն անկախ կլինի, ինքնորշման իրավունքից էին խոսում, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին ակնարկում։ Իրենց նախընտրական ծրագրում գրել էին՝ անջատում հանուն փրկության։

Արտահերթ ընտրությանը քվե ստանալուց մեկ տարի անց Փաշինյանը միակողմանի, քառակուսի կիլոմետրով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառ կմ՝ Արցախը ներառյալ։ Չօգնեց և չաջակցեց արցախցիներին, երբ Արդբեջանը շրջափակման մեջ էր պահում նրանց կամ ռազմական գործողությունների զոհ դարձնում նույնիսկ խաղաղ բնակչությանը։ Մի բան էլ թիմակիցներն ընտորություն էին առաջարկում՝ Արցախը՞ կորցնենք լավ է, թե՞ Հայաստանը։  Իրենք որոշեցին, իրենք ընտրություն սահմանեցին և ընտրեցին ՀՀ-ն, որն էլի տարածքային ամբողջականության խնդիր ունի։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի մոտ 330 քառ․ կմ։ Այս պայմաններում ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բնորոշմամբ սահմանազատում է իրականացնում՝ Ադրբաջանին հարմար Տավուշի մարզից, և էլի պարզվում է, որ ՀՀ-ն պետք է տարածքներ զիջի ու այդպես էլ անում է։ Հետո ինչ-որ սահմանազատման կանոնագիր են ընդունում՝ էլի Ադրբեջանին հարմար պայմաններով։

Շուրջ 5 տարի «խաղաղության պայմանագիր» են կազմում։ Անընդհատ ՀՀ քաղաքացին տեղեկանում է, որ այդ պայմանգրում ներառվում է նաև այս կամ հարցը, որ հայկական կողմը համաձայնվել է նաև այս կամ այն պայմանին։ ՀՀ վարչապետն Ալիևից ՀՀ քարտեզի իր տարբերակն է խնդրում, հայտարարում, որ ՀՀ-ն մինչ հիմա կադաստրի վկայական չի ունեցել,  ՀՀ-ն անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է և այլն։

44 օրյա պատերազմից և այս հայտարարություններից, գերեվարված ադրբեջանցիներին և ականապատ տարածքների քարտեզներն առանց նախապայման հանձնելուց հետո, պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցություններում մի քանի խաղաքարտ ուներ՝ երրորդ երկրի միջնորդություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ադրբեջանի նկատմամաբ ներկայացված հայցեր և, որոշակի վերպահումներով, ԵՄ դիտորդական առաքելություն։ ՌԴ կամ ցանկացած երրորդ երկրի միջորդություն Ալիևն արագ չեզոքացրեց, բայց ոչ թե իր, այլ Նիկոլ Փաշինյանի ձեռքով, առանց որևէ նախապայմանի ՀՀ-ն հիմա հայտարարում է, որ համաձայնել է ԵՄ դիտորդների դուրսբերմանը և Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելուն, իսկ Մինսկի խմբի անհրաժեշտության բացակայության մասին հայտարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա Ադրբեջանը նոր նախապայմաններ ունի՝

ü  ՀՀ սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական պահանջների։

ü  Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:

ü  Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:

ü  Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։

ü  Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը: Բայց ՀՀ-ն այլևս զիջելու ոչ մի բան չունի, բանակցություններում մնացել է ձեռնունայն։ Ստացվում է՝ կա պայմանագրի երկու կողմ, բայց  կողմերից մեկը ոչ մի իրավունք չունի, միայն ու միայն՝ պարտավորություններ։ Հիմա այս իշխանությունը բանակցային սեղանին արդեն դնում է ՀՀ սուվերենությունը՝ Սահմանդրությունն ու Անկախության հռչակագիրը։ ԱԺ նախագահը երեկ հայտարարեց, որ իրենք պատրաստ են ՀՀ Սահմանադրության Ադրբեջանի համար խնդրահարույց դրույթները քննարկել թշնամի պետության հետ, ընդհուպ միչև փորձաքննության նշանակում։ 


Արդեն մի քանի օր է Ադրբեջանը նաև ռազմական սպառնալիքի տակ է պահում Փաշինյանի իշխանությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարելով, որ հայկական կողմն իբր հրադադարը խախտում է, իսկ ՀՀ իշխանությունն ընդամենն  արդարանում է, որ ոչ՝ իրենք դրա պատճառը չունեն։ Առաջարկվում է երկու տարբերակ՝ կռվել կամ հանձնվել։ Հիմա, երբ պարզապես ՀՀ իշխանությունը բանակցությունները սեփական կետից սկսելուց հետո, բերել և հասցրել է «կա՛մ –կա՛մ»-ի տրամաբանության, պետք է ՀՀ քաղաքացին ինքն իրեն հարց տա, սա անկարողությո՞ւն, ապաշնորությո՞ւն է, թե՞ հետևողական պարտվողական քաղաքականություն։ Երկու դեպքում էլ կա երրորդ տարբերակը՝ հնարավորիս արագ փոխել բանակցողին։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան