Տավուշի մարզի Իջևան բնակավայրի զորամասում
մեկ օրում 2 զինծառայող է մահացել։ Ըստ ՊՆ պաշտոնական հողորդագրության՝ փետրվարի
17-ին ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի
Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նույն օրը, նույն զորամասից երկկողմանի
թոքաբորբով Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Սիսիան քաղաքի 18-ամյա բնակիչ,
ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը, ով երկու օր անց հոսպիտալում մահացել է։
Ցավոք, բանակում ողբերգական դեպքերը
ոչ միայն չեն նվազում, այլև՝ ավելանում են։ 2024թ-ին բանակում մահվան 40 դեպք է գրանցվել,
որից 36-ը՝ ոչ մարտական պայմաններում: Խնդիրը լուծելու համար իշխանությունը ոչ թե գնում
է բարեփախման ճանապարհով՝ այլ գտնում է պատճառներ։ Հունվարի 28-ին ՊՆ-ում իր ելույթի
ժամանակ Փաշինյանը հայտարարեց․ «Բանակում էսօր չկա թեկուզ մի հատիկ պրոբլեմ, թեկուզ
մի հատիկ թերություն, որը չի ծնվել բանակից դուրս»։ Այսինքն՝ եթե քաղաքացիներն իրենց երեխաներին լավ դաստիարակեն՝ երկկողմանի թոքաբորբից
չեն մահանա՞։ Ով պետք է հայտնաբերեր թոքաբորբը և շուտ ուղարկեր հոսպիտալ, որ մեկ թոքի
ախտահարումը չվերածվեր երկկողմանի և շատ ծանր թոքաբորբի։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝
զինծառայողը դեռ զորամասում նշել է, որ առողջական խնդիր ունի, բայց նրան ուղարկել են
մարտական հերթապահության, որտեղից էլ 40 աստիճան ջերմությամբ և գրեթե անգիտակից տեղեփոխել են Երևան։ Ո՞վ է սրա համար պատասխանատվություն կրելու։ Ոչ մեկը, սա դիտարկելու
են, որպես հերթական դժբախտ պատահար ու վերջ։ Հենց այս գնահատականին է արժանանում զինվորը
և այն քաղաքացին, որ իր տղային ուղարկում է բանակում ծառայելու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում առնվազն
3-4 հրապարակում է անում սոցիալական ցանցերի իր էջերում։ Ընդ որում տպավորություն է,
որ Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի առօրյա աշխատանքային փաստաթղթերն է հրապարկում՝ «հատիկ առ հատիկ» հեշթեգով։ Այն որ պետությանը կարող է վերադարձվել 15 տարեկան մեքենա
կամ 0,5 հա հող Կոտայքի մարզում, սովորական գործընթաց է և առնվազն աշխատանքային փաստաթղթի
մաս է, որ ինչ-որ մեկն ուղարկում է վարչապետին, որ ֆեյսբուքում հրապարակելու նյութ
լինի։ Այս ամենով հանդերձ, վարչապետը բանակի ահռելի խնդիրներին, ողբերգական դրվագներին
չի անդրադառնում։ Սա ջայլամի քաղաքաանություն է՝ խնդիրները չենք տեսնում, բայց դա չի
նշանակում, որ այդ խնդիրները չկա։ Այսքանից հետո ծնողն ինչ խղճով իր որդուն ուղարկի
ծառայության և ինչ հույս ունենա, որ ողջ և առողջ վերադառնալու է։ Ծնողն իր երեխային
հանձնում է պետությանը և պարզվում է՝ նորմալ հոգեբանությամբ բանակ զորակոչված զինծառայողն
ինքնասպանություն է գործում։ Այդ դեպքում այստեղ ո՞վ է պատասխանատու։ Առանց բժշկակակն
օգնության մնացած զինվորի մահվան համար էլի՞ ծնողն
է մեղավոր։ Պետության ամենաթող իրավիճակը, որ տեսանելի է բոլոր ոլորտներում։
Փաստացի նման դեպքերը գալիս են ապացուցելու, որ նույն իրավիճակում բանակն է, որի դերն ամենակարևորն
է։ Հերոս հարկատուները չեն կարող սահման պահել և կռվել այդ հարկահավաքների կյանքի
համար։









