Որ Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը քանիցս է հայտնվել ներքին ու արտաքին հայրենակործան ուժերի թիրախում, դա փաստ է և ոչ այնքան զարմանալի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը։ «Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ <<փայլատակումներն>> օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել, առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն հայկական պետականությունների ստեղծման և կայացման գործում: Ասվածի ամենաթարմ օրինակը օրերս թշնամի պետության <<CALIBER.AZ>> քարոզչամեքենայի կողմից տարածված հերթական շինծու տեղեկությունն էր:
Վերջինս հիմք ընդունելով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի բարբաջանքը, նշում է, թե իբր <<Ռուբեն Վարդանյանը վիճել է գեներալ Սամվել Օգանովսկու հետ...>> Ըստ այդ բարբաջանքի պարզվում է, որ <<վեճի>> պատճառն իբր Օգանովսկուն պատկանող <<գաղտնի պահեստներն ու արտադրամասերն են, որտեղ թանկարժեք մետաղ է արդյունահանվում...>> Եվ ամենազավեշտալին՝ <<...Արայիկ Հարությունյանի շրջապատի մարդկանց ասեկոսների համաձայն՝ Արցախի ղեկավարը հանգստացրել է Օգանովսկուն, ով սպառնացել է սպանել Ռուբեն Վարդանյանին այն բանի համար, որ նա սկսել է կարգուկանոն հաստատել Արցախում...>>
Որ Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը քանիցս է հայտնվել ներքին ու արտաքին հայրենակործան ուժերի թիրախում, դա փաստ է և ոչ այնքան զարմանալի: Բայց որ նա ունի կամ ուներ թանկարժեք մետաղների գաղտնի պահեստներ ու արտադրամաս, դրան հավատալու համար, առնվազն, առանձնահատուկ երևակայություն է պետք: Իսկ ինչ վերաբերում է պետնախարարի հետ վիճելու կամ սպանելու ֆանտազիային, ապա ավելորդ է այդ մասին խոսել, մանավանդ, որ Սամվել Կարապետյանն իր ողջ գիտակցական կյանքում միշտ էլ եղել է կարգուկանոնի կողմնակից...
Ելնելով վերոնշյալից, ցանկանալի է, որ մտածող ու Երկրի ապագայով մտահոգ մեր ամեն մի հայրենակից ավելի ուշադիր և ազնիվ լինի այն Մեծությունների հանդեպ, որոնց շնորհիվ ժամանակին ունեցել ենք համազգային նշանակության հաղթանակներ ու ձեռքբերումներ: Աշխատենք հարգել ու մեծարել Հայրենիքի համար ինչ-որ բան արած անհատներին և, հավատացեք, ՄԵՆՔ նորից կունենանք ավելին, քան ունենք այսօր: Հակառակ դեպքում մեր <<հերոսները>> լինելու են էդվիմարտիրոսյաները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով...»,-գրել է նա։









