Օրերս ականատես եղանք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն իր վերջին մոնոասուլիսի ընթացքում ոգևորված հայտարարում, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Այս հայտարարության հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Իսկ արդեն նախօրեին նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, ըստ որի՝ իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։
Միանգամից փաստենք, որ միանշանակ դժվար է ասել, թե ԱԱԾ-ների այս բացահայտումները որքանով են արժանահավատ, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ԱԱԾ-ն զբաղվում է ոչ թե պետության, այլ իշխանության պաշտպանությամբ։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ բացահայտվող «դեպքերը» կարող են լինել ոչ թե հայրենիքին, այլ իշխանությանը դավաճանելու պարագաներ։
Կարևոր է ընդգծել, որ խնդիրը շատ ավելի խորքային է․ ի դժբախտություն հենց այս գերկարևոր հիմնարկության՝ այս «դեդեկտիվ» տեսանյութերով ԱԱԾ-ն իրականում լուծում է ոչ թե անվտանգային, այլ քարոզչական խնդիրներ։ Ընդ որում, ԱԱԾ-ի ինչպես պաշտպանությունը, այնպես էլ՝ քարոզչությունը վերաբերում է ոչ թե Հայաստանի կամ Արցախի պետությանը, այլ իշխանություններին, առավելապես Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, ծանր է տանում «դավաճանի» պիտակը և հանձնարարել է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ դավաճանությունը Հայաստանում ու Արցախում համատարած բնույթ է կրել։ Ընդ որում, Հայաստանի ԱԱԾ-ի վերջին ամիսների «բացահայտվող» տեսահոլովակների մեծ մասում «դավաճանները» մեղայական հայտարարություն են անում Արցախի բարբառով, ինչը պատահական չէ։ Ըստ ամենայնի՝ սա դավադիր իշխանությունների հերթական հակաարցախյան պլանի բաղկացուցիչ մասն է, որով հանրության շրջանում շարունակում են ատելություն տարածել Արցախի հանդեպ։
Վստահաբար կարող ենք արձանագրել, որ այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը, և «խեղճ Նիկոլը» համատարած դավաճանության պայմաններում հերոսաբար կարողացել է փրկել Արցախից մնացածը։
Կասկածից վեր է, որ իրականում սա չափազանց կեղտոտ խաղ է, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին «դավաճանի» խարանից ազատելն է։ Եվ նրան չի հուզում, որ այդ նպատակին հասնելու համար աշխարհի առջև հայ ժողովուրդը ներկայացվում է՝ որպես գրոշներով հայրենիքը վաճառողների հավաքականություն։ Բացի այդ, եթե անգամ բոլոր «բացահայտումներն» իրական են, եթե նույնիսկ եղել են դավաճանության այդքան դեպքեր, ապա դրանց առնվազն անուղղակի պատասխանատուն կրկին Նիկոլն է, ով իր քաղաքական խմբակի հետ միասին տարիներ շարունակ զբաղվել է «Արցախից պրծնենք, որ լավ ապրենք» հակապետական քարոզչությամբ։ Հետևաբար, ԱԱԾ-ի բացահայտած բոլոր լրտեսները, եթե, իհարկե, դրանք իրական պատմություններ են, Փաշինյանի երկարատև քարոզչության միաժամանակ իրականացնողներն ու զոհերն են։
Ի դեպ կարևոր մի արձանագրում ևս. դավաճանության այդ պատմությունների մեծ մասը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո։ Իսկ դա նշանակում է, որ այդ պատմությունների «հերոսները», հնարավոր է՝ ոգեշնչվել են հենց Նիկոլ Փաշինյանից։ Տեսնելով, որ տիեզերական մասշտաբի դավաճանությունը ոչ միայն չի պատժվում, այլև արժանանում է «պողպատյա մանդատի», պաշտոնների բարձրացումների, մեդալների, նրանք փորձել են իրենց դրսևորել որպես տեղական նշանակության նիկոլներ՝ իրենց դավաճանության համար ստանալով նույնքան վարձավճարներ, որքանով իր կարիերայի արշալույսին աշխատում էր Նիկոլ Փաշինյանը։
Արմեն Հովասափյան