Իշխանությունների կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ճնշումներն օր-օրի ավելի լայն թափ են ստանում։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ. պարտադրում են տիրադավ Արման Սարոյանին ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Ըստ էության, քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ։
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը Aysor.am-ի հետ զրույցում պնդում է՝ պետությունն՝ ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ներքին գործերին, ինքնակառավարման գործերին, ինչն արգելված է և՛ Սահմանադրությամբ, և՛ օրենսդրությամբ։
«Մենք Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներ ունենք, ունենք խղճի ու դավանանքի ազատության հետ առնչվող մեկ այլ օրենք, որտեղ հստակորեն գված է, որ կրոնական կազմակերպությունների ինքնակառավարման գործերում պետության միջամտությունը արգելված է, էլ չասեմ, որ սահմանադրական երաշխիք ունի մեր եկեղեցին, այսպես ասած, դրական խտրականության իմաստով նաև այլ կրոնական կազմակերպությունների հետ համեմատ, որ նրա դերն ու առաքելությունը շատ ավելի ընդգծված է ու նրա ինքնակառավարումն էլ ավելի բարձր մակարդակի պետք է հարգվի պետական իշխանության կողմից, բայց ակնհայտ է, որ գործադիր իշխանությունն ամեն կերպ միջամտում է ու օգտագործում իրավապահ համակարգը՝ եկեղեցու նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
Ըստ Սիմոնյանի՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում այն իրավախախտումները, որոնք անում է ամենօրյա ռեժիմով։
«Եթե, օրինակ, մենք Եվրոպական դատարանի պրակտիկայով գնանք, այլ պետությունների ղեկավարներ կամ իշխանության ներկայացուցիչներ, երբ միջամտում էին ինչ-որ մի կրոնական կազմակերպության գործերին, նրանք դա փորձում էին թաքցնել կամ այլ կերպ ներկայացնել, իսկ մեր պարագայում չի էլ թաքցվում, իսկ Եվրոպական դատարանն ունի բազմաթիվ նախադեպեր, որոնցով դատապարտում ու կոնվենցիայի խախտում է համարում նման միջամտությունը»,- նշեց նա։
Սիմոնյանն ընդգծում է՝ այսօր վերանում է իշխանությունների տարանջատումը, որովհետև քննչական մարմինները, որ սահմանադրական ինքնավար մարմիններ են ու քննիչները, որ ինքնավար ինստիտուտներ են, իրավունք չունեն ենթարկվելու կառավարության ներկայացուցիչների հրահանգներին, բայց ենթարկվում են, նույնն էլ դատախազների ու դատավորների դեպքում է. շղթայական իրավախախտումներ են։
Ցավոք սրտի, Հայաստանում դատական իշխանությունը մեծամասամբ կախված է եղել գործադիր իշխանությունից, իրավաբանը նշում է՝ հիմա ևս այդպես է։
«35-ամյա պետություն ենք ու չենք ուզում լինել նորմալ պետություն, չենք ուզում ունենալ իշխանությունների տարանջատում, չենք ուզում ունենալ արդար դատական իշխանություն, ուզում ենք ինչ-որ մի անձի կամքը կատարող դատական իշխանություն ունենալ, ինչն անթույլատրելի է»,- նշեց նա։
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այո՛, եկեղեցին պետք է ժամանակի ընթացքում բարեփոխվի, լավարկվի ու կատարելագործվի, դա նորմալ է, բայց երբ դա անում է քաղաքական իշխանության ներկայացուցիչը, կառավարության ղեկավարը, սա արդեն Սահմանադրության խախտում է։
«Եթե դրսից միջամտություն կա, գոնե միջամտությունը չպետք է լինի պետության կողմից միջամտություն, եթե անձինք, ովքեր, օրինակ, իրավախախտում են կատարում, թող իրավական հետևանքներ առաջանան, բայց ոչ թե ինստիտուտն այսպես ոտնահարվի, վարչապետը որոշի, թե ով պետք է լինի կաթողիկոս, ով պետք է լինի Սրբազան, թեմի առաջնորդ և այլն, սա ակնհայտ, կոպիտ, ակնառու, չգիտեմ՝ էլ ինչ բառերով ասեմ՝ ապացուցելու համար, որ սա ուղղակիորեն խախտում է Սահմանադրությունը։ Եթե ուզում են ավելի լավ եկեղեցի ունենալ՝ ուզեք, բայց դա մի արեք որպես պետության ներկայացուցիչ, որովհետև դուք խախտում եք այն հիմնական փաստաթուղթը, որով, կարծես թե, բոլորս որոշել ենք, որ կազմակերպենք մեր կյանքը՝ Սահմանադրությունը»,- ընդգծեց նա։
Դիտարկումներին, թե միջազգային հանրությունը լռում է այս օրերին, երբ բռնաճնշումների են ենթարկվում քահանաներ ու Սրբազան Հայրեր՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ միջազգային հանրության նկատմամբ չհիմնավորված ակնկալիքներ ենք առաջացրել, որպես այդպիսին, ըստ նրա, միջազգային հանրություն գոյություն չունի, չկա այդպիսի սուբյեկտ, կան պետություններ, որոնցից մեկն ավելի ակտիվ է, մյուսն՝ ավելի պասիվ։
«Կան միջազգային կազմակերպություններ, որոնց պետք է դիմես, որ աշխատեն, միջազգային իրավունքն ինքնաշխատ համակարգ չէ, այսպես ասենք՝ մեքենա է, որ պետք է աշխատեցնես ու աշխատեցնողից է կախված՝ լավ աշխատեցեն՝ լավ կաշխատի, չէ՝ չէ։ Հիմա համաշխարհային մակարդակում տեսնում եք՝ ինչ իրադարձություններ են տեղի ունենում, միջազգային ուշադրությունը մարդու իրավունքներից տեղափոխվում է ավնտանգություն ու առաջնային ուշադրությունը անվտանգային հարցերն են, քան թե մարդու իրավունքների հարցերը, դրա համար այդքան շատ ուշադրություն չի դարձվում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին՝ ցեղասպանություններին, Արցախի հայաթափմանը, Արցախում տեղի ունեցած պատերազմական հանցագործություններին։ Եթե նման հարցերի նկատմամբ անտարբերություն է, ապա եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների նկատմամբ առավել ևս անտարբերություն պետք է լինի, սրանք այսօրվա միջազգային միտումներ են, սրա հետ պետք է հաշվի նստենք ու չսպասենք, որ մեր խնդիրները պետք է լուծվեն դրսի ազդակներով։ Մեր խնդիրները պետք է լուծենք մենք՝ ներքին ռեսուրսներով՝ աշխատանքով, պայքարելով, խելք սովորեցնելով»,- մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է ապօրինությունների համար այս իշխանությունների պատասխանատվությանը՝ Սիմոնյանն ասաց՝ միանշանակ է, որ պետք է լինի և՛ իրավական, և՛ քաղաքական պատասխանատվություն։
«Քաղաքական պատասխանատվությունն այն է, որ հասարակությունը տեսնում է, թե ինչպիսի իշխանություն է ընտրվել ու նրան հաջորդ ընտրություններին չի տալիս հնարավորություն՝ ղեկավարելու, որովհետև բարոյական, կրոնական, իրավական նորմերի խախտում է տեղի ունենում, այսինքն՝ այս իշխանության կողմից նորմ չմնաց, որ չխախտվի։ Իսկ իրավական պատասխանատվության պարագայում վատն այն է, որ, օրինակ, եթե եկեղեցին սկսի պաշտպանել իր իրավունքները՝ ընդհուպ միջազգային դատական ատյաններ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ պարագայում պատասխանողը ոչ թե կոնկրետ անձինք են, այլ՝ պետությունը։ Ու եթե ՄԻԵԴ-ը որոշում է, որ Հայաստանը խախտել է կոնկրետ եկեղեցու իրավունքները, պատասխանատվությունը պետության վրա է՝ հարկատուների վրա, փոխհատուցումը պետք է հարկատուն կատարի, այսինքն՝ բյուջեից պետք է կատարվի այդ փոխհատուցումը, եթե, իհարկե, ֆինանսական փոխհատուցման կարիք է լինում։
Անձնական պատասխանատվության դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, բայց միայն այս իրավիճակի հետ կապված քրեական հոդվածներ չեն, որ առկա են քրեական օրենսգրքում՝ սկսած 2020 թվականի պատերազմից, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, դրան հաջորդող այլ հայտարարություններից ու փաստաթղթերից, տարածքների զիջումներից, սրանք բոլորն այն հարցերն են, որոնք քրեական հետապնդում իրականացնող մարմինների ուշադրությունը պետք է գրավեին, բայց քանի որ անկախության խնդիր ունենք, երևի թե, իշխանափոխությունից հետո այդ հոդվածները կսկսեն աշխատել»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։
Սիմոնյանը ճանաչում է դատավորների, ովքեր երբեք, ոչ մի պարագայում իրենց մասնագիտական բարոյականությունը չեն ոտնահարի ու հավատարիմ կմնան Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ եթե ճնշումը մեծանա՝ նրանք դժվար թե շարունակեն պաշտոնավարել, որովհետև իրենց խղճի դեմ որևէ քայլ չեն կատարի, բայց նա նաև ճանաչում է դատավորների, ովքեր 10 տարի առաջ էլ էին հրաման կատարում, հիմա էլ են կատարում ու դեռ կատարելու են, որովհետև նրանք հարմար են ցանկացած տեսակի իշխանության համար։
Սիմոնյանը չի բացառում, որ այս իշխանությունը կարող է կալանավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին։
«Այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչի վրայով գնալ, միայն թե վերարտադրվի ու եթե իրենք իրենց վերարտադրության գործում խոչընդոտ են տեսնում եկեղեցին, չեմ կարծում, որ ինչ-որ բանի առջև կանգ կառնեն, բայց նաև տեսնում եմ, որ եկեղեցու շուրջ համախմբված հասարակության զգալի հատվածն այն հիմնական խոչընդոտն է, որ իշխանությունը մինչև այս չի կատարել այլ քայլեր։ Փորձեր շատ են եղել, բայց հանրային ներկայացվածությունը Էջմիածնում, մեդիա դաշտում դատապարտումներն ինչ-որ առումով սահմանափակում են ու իշխանության ձեռքերը մի քիչ ավելի կարճ են պահում։ Հանրությունից է կախված, հանրությունն է որոշում՝ ինչ թույլ տալ, ինչ՝ ոչ, եթե հանրությունն անտարբեր լինի իր սոցիալական բոլոր ինստիտուտների քանդման գործընթացում՝ այն, ինչ սկսել են այս իշխանությունները դեռ տարիներ առաջ, շարունակելու են մինչև վերջ, մինչև էլ ինստիտուտ չմնա, որ քանդեն, բայց եթե հանրությունն ակտիվ լինի, պնդի, որ իր հավատքը չի կարելի ոտնահարել, որ Սահմանադրությունը չի կարելի ոտնահարել՝ կարծում եմ՝ իշխանությունը կտրուկ քայլերի չի գնա, կամ՝ 7 անգամ կհաշվարկի, նոր կփորձի ինչ-որ քայլերի գնալ»,- հավելց Տարոն Սիմոնյանը։









