Foto

Թռածը

Ցավով պետք է արձանագրենք, որ, այսպես կոչված, հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը, ֆիզիկապես գտնվելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնյակ, գուցե հարյուր-հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռևս չի արտագաղթում տեխնիկական անհնարինության պատճառով, որոշ հատվածն էլ, այդուհանդերձ, հույս ունի, որ այս մղձավանջը կավարտվի։

Ասվածի ամենավտանգավոր և կործանարար տարբերակն է, երբ արտագաղթածի հոգեբանություն է կրում երկրի ղեկավարը, որովհետև դրանից բխող քայքայիչ մտածողությունն ու գործելակերպը տարածվում է պետության վրա։ Բանն այն է, որ հոգեբանորեն արտագաղթածի գործողությունները մեծ հաշվով այլևս կապ չունեն սեփական հայրենիքի հետ, դրանք ժամանակավոր են ու իրավիճակային, նպատակն էլ՝ ժամանակ ձգելն է մինչև այն պահը, երբ հոգեբանական արտագաղթը կլրացվի նաև ֆիզիկականով։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը, անթաքույց Հայաստանի հետ վարվում է հենց հոգեբանորեն արտագաղթածի նման, նրան մեծ հաշվով չի հուզում՝ ի՞նչ է լինելու Հայաստանում 5 կամ 10 տարի հետո։ Հուզելու դեպքում էլ, հուզվում է այնքանով, որ եթե ճակատագիրն ու ավանտյուրիզմը ժպտան ու պատահի՝ իշխանությունը այդքան էլ երկարաձգի, կհամարի հաջողված։ Հակառակ դեպքում՝ թռնելը միշտ էլ կա։ 

Միանշանակ ու միանգամից դժվար է ստույգ ասել՝ ե՞րբ է Փաշինյանը հոգեբանորեն հեռացել Հայաստանից՝ երբ կոկորդ պատռելով հայտարարում էր «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ շատ լավ իմանալով, որ դրա շարունակությունը պատերա՞զմն է, բուն պատերազմի օրերի՞ն, երբ ամեն օր հարյուրավոր զոհեր տալով՝ արծրունաբար խաբում էր, թե՝ «հաղթելու ենք», կամ գուցե ա՞յն ժամանակ, երբ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց՝ «դավաճան» չորակվելու համար, թե՞ նոյեմբերի 9-ից հետո, երբ բունկերում գոռգոռում էր ժողովրդի վրեժի մասին, իսկ գուցե տակավին վերջե՞րս, երբ իր ավտոշարասյունով վրաերթի ենթարկեց հղի կնոջը։ Համաձայնեք՝ դժվար է ճշգրիտ ժամկետը նշել։ 

Ըստ էության, այս հարցերի պատասխանները գտնվում են մասնագիտական քննության տիրույթում և երբևէ կարող են ունենալ առողջապահական նշանակություն։ Իսկ դրանց քաղաքական ու պետական (հակապետական) նշանակությունն այն է, որ Հայաստանը ղեկավարում է հոգեբանորեն արտագաղթած մեկը, ում համար «ապագա կա» կարգախոսը ցինիզմի հերթական դրսևորումն էր, որովհետև դրանով ստացած «մանդատն» օգտագործելու էր ու օգտագործում է Հայաստանին ու Արցախին ապագայից զրկելու համար։ Երբ մարդը ցինիկաբար Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում գովազդում է Ադրբեջանի կառուցած ճանապարհի որակը՝ այդպիսով արդարացնելով դրա հետևանքով ևս մի քանի հայկական գյուղի հանձնումը, նա չի կարող հոգեբանորեն Հայաստանում լինել։

Կարևոր է նշել, որ ինչպես որ հոգեբանորեն Հայաստանում գտնվողը չի կարող մխիթարել տնավեր դառնալու վտանգի առաջ կանգնածներին՝ ավելի հարմարավետ բնակարաններ տեղափոխվելու հեռանկարով։ Որովհետև նաև հոգեբանորեն Հայաստանում գտնվողն ու պետություն ղեկավարողը պետք է իմանա ամեն մի գյուղի տեղը և ոչ թե իրեն դնի շարքային դուքանչու տեղ՝ այդ գյուղի բնակիչների ճակատագրի մասին հարցի պատասխանից խուսափելու համար։

Այս ամենի հետ մեկտեղ կարևոր է մի առանցքային դրվագ. սեփական երկրում հարյուրավոր թիկնապահներով շրջողն այդ երկրի մասը չէ բովանդակորեն ու ըստ սահմանման։ Հատկապես, որ թիկնապահների օղակում գտնվելու երաշխիքն իշխանությունն է, որն այդուհանդերձ մի օր չի լինելու, և չեն լինելու նաև թիկնապահները, որոնք անգամ ֆիզիկապես լինելու դեպքում այլևս չեն լինելու իշխանության թիկնապահներ ու վրաերթի ինդուլգենցիա չեն ունենալու։ Ահա այդպիսի հեռանկար ունեցող մարդը սեփական կոմֆորտի նպատակով պետք է որ վաղուց արտագաղթած լինի հոգեբանորեն՝ ֆիզիկական փախուստը թողնելով հարմար պահի՝ որևէ ծովափնյա բունկերում հանգրվանելու համար։

Արմեն Հովասափյան