Մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու, աշխարհում այդպես է։ Այս մասին Tert.am-ի տաղավարում՝ «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Անդրադառնալով դեմարկացիա–դելիմիտացիային` Մովսես Հակոբյանն ասաց, որ այստեղ խնդիր կա․ փաստաթուղթը հավելված է ունենալու, և իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր պատրաստ չեն ստորագրել դա․ «Եվ՝ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու»։
Ինչ վերաբերում է 2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթղթին ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց․«Արցախի հարցն ընդհանրապես ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9–ին՝ ժամը 18։00–ին։ Բանակցություն այդ հարցով չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ–ում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով»։
Դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում, որ Արցախի հարցը լուծված է, այսինքն Արցախը չունե՞նք, Մովսես Հակոբյանն ասաց․«Չեմ կարող արտահայտվել, ցավալի է ինձ համար»։
«Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը մաս–մաս իրագործվում է և տեղեկացվում, որովհետև փաստաթուղթը շատ վատն է, որովհետև եթե այդ փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, ես չեմ կարծում, որ Հայաստանում երկրի ղեկավարը կկարողանա մտնել իրենց տուն»,–ասաց նա։
Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում:









