«Եթե մարդիկ բարեփոխումների հարցում օրումեջ կարծիք են փոխում, նրանք երբեք չեն կարող բարեփոխում անել»,- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրինագծի վերաբերյալ «Ելքի» ներկայացուցիչները հանձնաժողովում ձեռնպահ էին քվեարկել, իսկ հիմա հայտարարում են, որ կողմ են քվեարկելու:
«Այսօրվա կառավարությունը ունի ժողովրդի վստահության քվեն: Այդ դեպքում ինչո՞ւ եք օրենք բերել պարտադիր կուտակային համակարգը շարունակելու մասին, օրենք բերեիք, որ կամավորը մնում է: ՀՀԿ-ն կողմ է պարտադիր կուտակայինին: Այս նախագիծը անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար: Հակատռակ դեպքում կենսաթոշակը կմնա խնդրի Հայաստանում և կմնա շահարկման առարկա քաղաքական ուժերի համար: Եթե խոսում եք ընտրակաշառքից, ապա դրանք լուծելու ամենալավ ձևը համակարգ ունենալն է, որ ստիպված չեք լինի ամեն ընտրության ժամանակ ասել՝ այ, տեսեք ձեր թոշակը բարձրացնում ենք:
Չի կարելի օրենք ընդունել, հետո մեկ տարի հետո հավաքվենք ու ասենք՝ էսպես հնարավոր չի, հետ ենք վերադառնում»,-նկատեց պատգամավորը, որից հետո վիճաբանություն սկսվեց Էդմոն Մարուքյանի և Հակոբ Հակոբյանի միջև:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանգստության կոչ արեց նրանց՝ նշելով. «Պարոն Մարուքյան, ձեզ ձայն կտայի, եթե նման հնարավորություն ունենայի: Կանոնակարգը թույլ չի տալիս: Դադարեցրեք բանավեճը»:
Vesti.am









