Foto

Թուրքիայի սահմանին գտնվող փակ գործարանը Հունաստանը կարող է դարձնել ռազմաբազա

Հունաստանում Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Քումչիֆթլիքի շրջանում տարիներ շարունակ չգործող շաքարի գործարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Տեղեկությունների համաձայն՝ Աթենքը նախատեսում է այն փոխանցել երկրի զինված ուժերին և վերափոխել ռազմական նպատակների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ դեռևս 2018-ից փակ գտնվող այս արդյունաբերական համալիրն այժմ դիտարկվում է որպես հնարավոր ռազմարդյունաբերական և լոգիստիկ կենտրոն։ Քննարկվում է նաև այն տարբերակը, ըստ որի՝ գործարանը կարող է ծառայել որպես անօդաչու թռչող սարքերի արտադրության կամ տեխնիկական սպասարկման բազա։

Ըստ տարածվող տվյալների՝ վերջին շրջանում հույն բարձրաստիճան զինվորականները մի քանի անգամ այցելել են տարածք՝ ուսումնասիրելով ինչպես գործարանի տեխնիկական հնարավորությունները, այնպես էլ հարակից ենթակառուցվածքները, մասնավորապես՝ երկաթուղային կապը։

Սահմանին մոտ գտնվող նման օբյեկտի հնարավոր ռազմական օգտագործումը դիտարկվում է որպես կարևոր ռազմավարական քայլ, որը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա։ Սակայն, թե որքանով այս ծրագիրը կդառնա իրականություն և ինչ դեր կունենա Հունաստանի պաշտպանական ռազմավարության մեջ, դեռևս պարզ չէ։