Նախադպրոցական կրթության ոլորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց վերանայվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ երեխաների տարիքային շեմը նվազեցվել է՝ որոշ դեպքերում սահմանելով 3, որոշ դեպքերում՝ 4 տարեկան։
«Մինչ այս մենք ունեինք սահմանափակում, որ նախակրթարաններում կարող են կրթություն ստանալ 5-6 տարեկան երեխաները։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բնակավայրերում նախակրթարանները միակ նախադպրոցական հաստատություններն են։ Ունենք նաև իրավիճակներ, երբ գործող մանկապարտեզները չեն բավարարում երեխաների ընդգրկվածությունն ապահովելու համար։ Նոր փոփոխություններում, այսուհետ, այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը կլինի նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունը, կարող են ընդգրկվել 3-6 տարեկան երեխաները։ Այն բնակավայրերում, որտեղ կան մանկապարտեզներ, սակայն նախակրթարանի գործելու կարիքը ևս կա, արդեն կարող են ընդգրկվել 4-ից մինչև 6 տարեկան երեխաները»,-ասաց Թամարա Սարգսյանը։
Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, գործում է 500 նախակրթարան։ Դրանք գործում են դպրոցներին կից և մանկապարտեզների համեմատ հիմնական տարբերությունն այն է, որ երեխաների գտնվելու ժամաքանակը ավելի պակաս է։ Նախակրթարանում ծրագիրը 4-5 ժամվա համար է։ Առկա է նաև «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որից օգտվում են նաև նախակրթարանների երեխաները։
Նախադպրոցական կրթության համատեքստում ծնողներից, թերևս, ամենաշատ բարձրացվող հարցը մանկապարտեզների հերթերն են։ Այդ խնդիրը սուր է հատկապես Երևանում։ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։ Կառավարության ծրագրով նախատեսված է 500 մանկապարտեզի կառուցում։ Այս փուլում 301 հաստատությունում արդեն աշխատանքներն ավարտված են։
2021 թվականին 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում եղել է 64,3 տոկոս։ Հիմա այս ցուցանիշը հասել է 81 տոկոսի։ Հայաստանի բնակավայրերից 229-ում բացարձակապես նախադպրոցական կրթական հաստատություն չի գործել։ Այսօր արդեն այդպիսի բնակավայրերի թիվը հասել է 87-ի։ Իրավիճակը փոխելու նպատակով զգալի աշխատանքներ են կատարվել։









