Foto

Նիկոլը գնալու է, բայց կարևոր է, որ ոչ միայն նա, այլև իր նողկալի գործիքներն ու կատարողները պատասխան տան․ Նաիրա Զոհրաբյան


Երբ Փաշինյանը քաղաքում մի տեղ հայտնվում է, կրպակավաճառները, մանր առևտրով զբաղվողներն իրար գրում են՝ ձեր տարածքի դռները փակեք, մի երկու ժամով անհետացեք։ Այս մահաբեր իշխանության թիրախում արդեն 18 տարեկաններն են, երբ 5000-ից ավելի 18 տարեկաններ Եռաբլուրում են։ Մենք տեսանք, թե ինչպիսի հետևողական դաժանությամբ այս ռեժիմը պատժեց երկու եղբայրների, որոնց ամեն կիրակի կարելի էր տեսնել Սուրբ Աննա եկեղեցում՝ աղոթագիրքը ձեռքներին՝ աղոթք անելիս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ֆաս հրամանով այս ռեժիմի բոլոր ներկայացուցիչները՝ կոկորդիլոսի ձվի մասնագետից մինչև շարքային ուսապարկ, թիրախավորել էին այդ 18 տարեկան երեխաներին։ Զարհուրելի է, երբ խրախճանք են անում, գրում՝ Դավիթն իր «Վերջին զանգը» կնշի բանտում։ Նիկոլը վաղը կամ մյուս օրը գնալու է, նա հավերժ չէ, բայց այս ատելությունը մտահոգիչ է։ Ինչպիսի նողկալի հայհոյանքներ էին գրում 18 տարեկան Դավթի՝ ուշագնաց լինելու կադրի տակ։ Մենք, ցավոք սրտի, հասարակության մեջ ունենք մի սեգմենտ, որին բացի կենդանի ասելուց՝ ուրիշ բան չես կարող ասել»,- ասաց քաղաքական գործիչը։

«Սրանք ֆեյքեր չեն, իրենց էջերը մտնում, տեսնում ես՝ իրական մարդիկ են, օրինակ՝ թոռանը գրկած տատիկ՝ եկեղեցում պարտադիր մոմ վառելիս։ Երիտասարդ աղջիկներ կային, որ Դավթին, նրա եղբորը զարհուրելի անեծքներ էին գրում։ Մենք մեր կերպարը պահելու, մարդ կոչվելու անդառնալիության շեմն արդեն հատել ենք։ Մի անչափահաս թքել էր Փաշինյանի մեքենայի ուղղությամբ, նրա հետևից էլ եկան։ Այդ երեխաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով, որը ենթադրում է պաշտոնյայի քաղաքական գործունեությանը խոչընդոտելը, այսինքն՝ ինքն արձանագրում է, որ եկեղեցում Ծաղկազարդի օրն իրականացնում էր քաղաքական գործունեություն»,- նշեց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս ամոթալի դատավարությունը հիշեցնում է «Խաղալիք» ֆիլմը, երբ կերպարներից մեկը մյուսին ասում է՝ շալվարդ իջեցրու, և շարունակում՝ հիմա ո՞վ է ավելի զարհուրելի՝ ե՞ս, որ ասում եմ՝ իջեցրու, թե՞ իջեցնողը․

«Նիկոլը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ժամանակին ասում էր «տխրահռչակ խամաճիկ Մացո»։ Այդ նույն Մացոն Նիկոլին դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման, այդ նա էր, որ երբ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը, և երբ անգամ դատական կատարածուներն էին իրար խառնվել, Մացոն անտարբեր նայեց իր աչքի առջև մեռնող Արմեն Գրիգորյանին, սեղանից շատ հանգիստ վերցրեց իր թղթապանակը, դրեց թևի տակ և անգամ գլուխը չթեքեց՝ նայելու՝ Արմեն Գրիգորյանը մահացա՞վ, թե՞ ոչ։ Ամենազարհուրելին այն է, որ անգամ Արմեն Գրիգորյանի մահից հետո Մացոն Արմեն Գրիգորյանին ճանաչեց մեղավոր»:

«Նիկոլը շատ լավ գիտի՝ ինչ է իրեն սպասվում, իր պատասխան տալու ժամանակը գալու է։ Բայց անչափ կարևոր է, որ բոլոր ժամանակների կատարողները՝ որպես ամենանողկալի գործիքներ, ևս պատասխան տան։ Փաշինյանի թթվածինը սադրանքն է, խառնակչությունը, ատելությունը։ Երբ մեր երկրում այլևս չլինի այս ամենակուլ, զարհուրելի ատելության և թշնամանքի խոսքը, միմյանց հանդեպ այս ատելությունը, Նիկոլի իշխանությունն անգամ մի ժամ չի մնա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: