Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արձագանքելով ապրիլի 4-ի առավոտյան Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծմանը՝ անթույլատրելի է համարել նման գործողությունները. այս մասին նշված է X սոցիալական ցանցի ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։
«Գլխավոր տնօրեն Գրոսին միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ անելով առավելագույն ռազմական զսպվածության՝ վերահաստատում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության և պաշտպանության յոթ հիմնական սկզբունքներին հետևելու գերակա կարևորությունը»,- ասվում է հայտարարությունում։
Գրոսին ընդգծել է, որ ատոմակայանի օբյեկտները կամ դրանց հարակից տարածքները ոչ մի դեպքում չպետք է հարձակման ենթարկվեն, քանի որ նույնիսկ օժանդակ տարածքներում կարող են գտնվել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումներ։ԱԷՄԳ-ն նաև տեղեկացրել է, որ Բուշերի մոտակայքում արկի պայթյունից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ապրիլի 4-ին հայտնել է Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծման և դրա հետևանքով մեկ աշխատակցի զոհվելու մասին։









