Իրանական «Բուշեր» ատոմակայանից տարհանված 198 ռուս մասնագետի մեկնումը հետագայում նախատեսված է Երևանի օդանավակայանից: Այս մասին Եկատերինբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքը հայտնվել է ԱՄՆ–ի և Իսրայելի գնդակոծության տակ, աշխատակիցներից մեկը զոհվել է:
Լիխաչովի խոսքով՝ ռուս մասնագետներով ավտոբուսները «Բուշեր» կայանի կողմից շարժվել են դեպի իրանա-հայկական սահման՝ ԱԷԿ-ին ամերիկա-իսրայելական հարվածից մոտ 20 րոպե անց: Նախատեսվում է, որ 2,5-3 օրվա ընթացքում նրանք անվտանգ կանցնեն գրեթե ամբողջ Իրանը։
Նա նաև հավելել է, որ իրանական կողմը շատ բան է անում ռուսաստանցի մասնագետների տարհանման երթուղու անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ, Իսրայելի և ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները տեղեկացված են «Բուշեր» ատոմակայանից ռուս մասնագետների տարհանման մասին:









