Foto

Բորիս Ելցինի այրին դարձավ 94 տարեկան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երկրի առաջին ղեկավարի կնոջը՝ Նաինա Ելցինային, ծննդյան օրվա կապակցությամբ. նա դարձել է 94 տարեկան։

«Հարգելի՛ Նաինա Իոսիֆովնա, ընդունեք ջերմ շնորհավորանքներս՝ ծննդյան օրվա առթիվ։ Ձեր հիանալի մարդկային որակները՝ անկեղծությունը, կարեկցանքը, մարդկանց հանդեպ մշտապես ուշադիր ու բարի վերաբերմունքը, խորին հարգանք են առաջացնում»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

Ռուսաստանի նախագահը Նաինա Ելցինային մաղթել է քաջառողջություն, ինչպես նաև բարօրություն նրան և նրա հարազատներին ու մերձավորներին։

Ինչպես հայտնում է TASS-ը, Ելցինան ծնվել է 1932 թվականի մարտի 14-ին Միջինվոլժսկյան երկրամասի Տիտովկա գյուղում (այժմ՝ Օրենբուրգի մարզի Շարլիկսկի շրջան)՝ բազմազավակ ընտանիքում։

Ուսման տարիներին ծանոթացել է ապագա ամուսնու՝ Բորիս Ելցինի հետ։ Նրանք ամուսնացել են 1956 թվականի սեպտեմբերին։

1985 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Ելցինին հրավիրել էին աշխատանքի ԽՄԿԿ Կենտկոմի շինարարության բաժնում։ 1991 թվականի հունիսի 12-ին Բորիս Ելցինի՝ Ռուսաստանի նախագահ ընտրվելուց հետո Նաինան դարձել է երկրի առաջին տիկինը։ Նաինայի խոսքով՝ մինչև ամուսնու մահը (2007թ. ապրիլի 23), նա ձգտում էր մնալ նրա ստվերում՝ ընդգծելով, որ ինքն առաջին հերթին կին է, մայր և տատիկ։

2007 թվականի մայիսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Բ. Ն. Ելցինի այրու նյութական ապահովման մասին» հրամանագիրը, որով Նաինա Ելցինայի համար սահմանվել է ամսական 195 հազար ռուբլի նպաստ։ Հասարակական նշանակություն ունեցող մարդասիրական ծրագրերի իրականացման և բարեգործական գործունեությանը ակտիվ մասնակցության համար նա պարգևատրվել է Սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով (2017թ.)։