Foto

Հայաստանի անկախության համար են մարտերը, անջատ-անջատ անհնար է լուծել խնդիրը. Մարուքյան



Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության հարցը հնարավոր չէ լուծել առանձին-առանձին գործողություններով, անհրաժեշտ է քաղաքական ուժերի համախմբում և միասնական ճակատի ձևավորում։ Այս մասին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 5-րդ համագումարի իր ելույթում հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

«Եվ հետևաբար մնացած բոլոր ուժերը այստեղ անելիք ունեն։ Եվ Հայ Ազգային Կոնգրեսը՝ որպես անկախական ուժ, և մենք բոլորս Հայաստանի անկախության պաշտպանության մարտերում, որը հիմա մղվում է, պետք է կանգնենք միասին՝ մեկ ճակատում», — ասել է նա։

Մարուքյանի խոսքով՝ ներկայիս մարտահրավերներին դիմագրավել հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքական ուժերը կարողանան այնպես կազմակերպվել, որ ընտրություններում առաջնայինը չլինի մանդատների հարցը։

«Եթե մենք կարող ենք այնպես կազմակերպվել, որ կարողանանք ընտրություններում ոչ թե ինչ-որ մանդատների խնդիր լուծել… Մենք այստեղ մանդատների խնդիրը բացարձակապես չենք դնում։ Մենք դնում ենք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու խնդիր», — նշել է նա։

Այս համատեքստում նա նաև ողջունել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան-ի վերջին ուղերձները՝ նշելով, որ դրանք ուղղված են Հայաստանում ներքաղաքական դաշտում կոնսոլիդացիայի ապահովմանը և ավելի խոշոր քաղաքական բևեռի ձևավորմանը։

Նման համախմբումն, ըստ Մարուքյանի կարող է ընտրությունների միջոցով լուծել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, ազգային արժեքները, ինքնությունը։

Միաժամանակ նա նշել է, որ ներկայում ձևավորվող քաղաքական գործընթացները չեն սահմանափակվում «խաղաղություն, թե պատերազմ» հակադրությամբ.

«Սա բացարձակապես կեղծ ձևավորված «խաղաղություն, թե պատերազմ» բաժանման մասին չէ։ Եկող պրոցեսները ամբողջությամբ լինելու են այս բանավեճի շուրջ, բանավեճը բացված է, դաշտը բաժանված է, քիչ առաջ խոսվեց, որ բաժանումներ են եղել վերջին շրջանում, հա, նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, հիմա նոր բաժանում է արվել, ասվում է, մեկ ուժ ուզում է խաղաղություն։ Առաջիկա ընթացող պրոցեսները սրա մասին են լինելու, այն մասին չի, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը դառնում է ավելի եվրոպական, այն մասին չի, որ ինչ-որ մարդիկ իբր թե Հայաստանի անկախությունն են պաշտպանում, ո’չ։ Հայաստանի անկախությունը հենց պետք է մենք պաշտպանենք, որովհետև մեզ է վիճակված և այդ վիճակը գցված է։ Սրա մասին է այս քննարկումը», — նշել է նա։