Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացառիկ հարցազրույց է ունեցել հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ «Tete a Tete» հաղորդման շրջանակում, որի ընթացքում խոսել է նաև իր և մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանի նշանադրության և զգացմունքների մասին:
Նա հերքել է խոսակցություններն այն մասին, որ Անելյայի հայրն իր մտերիմ ընկերն է՝ դրանք որակելով «սուտ»:
«Թեպետ ես չեմ տեսնում դրանում ոչ մի վախենալու բան, բայց սուտ է, նման բան գոյություն չունի: Ես նրա ծնողներին Երևան քաղաքից ճանաչել եմ, բայց մենք ընկերներ չենք»,-հավելել է նա, իսկ զգացմունքների մասին խոսելով նշել է.
«Ես այնպիսի կարգավիճակ ունեի, որ այդ միտքը ինձ միշտ խանգարել է: Միշտ հերքել եմ, փորձել եմ փախչել իրականությունից, բայց դե եղավ՝ ինչպես եղավ»:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ամուսնացած լինելով սիրահարվել է երիտասարդ աղջկա, Սիմոնյանը պատասխանել է.
«Նախ՝ հարցը երիտասարդը, կամ ոչ երիտասարդը չէ. դու տարիքին չես սիրահարվում, ու տարիքն այդտեղ երկրորդական է: Դու չես մտածում՝ ինքը երիտասարդ ա, արի իրան սիրահարվեմ: Իհարկե, իր բացասական կողմն ունի, էնպես չի՝ դա ցանկալի ա, կամ ինչ-որ ձևով ուրախացնող ա, բայց կյանք ա՝ լինում ա, պատահում ա, ու դու ոչ մի բան չես կարող դրա հետ անել, ինչ-որ պահի հասկանում ես, որ ճիշտն էլ դա ա»:
Ալեն Սիմոնյանը հավելել է, որ էմոցիաները խլացնելու փորձեր եղել են, բայց դրանք տարել են ավելի ծանր իրավիճակների.
«…Էդ բաց թողած ժամանակի հետ կապված, առանց իրար հետ լինելու ժամանակի հետ կապված. ինչ-որ պահից ես, ուղղակի, ասել եմ՝ թող աշխարհը փուլ գա, բայց այսպես էլ չի լինի, որովհետև ինչքա՞ն կարելի ա իրականության հետ չառերեսվել, փորձել փախչել իրավիճակից և հետո նորից վերադառնալ այդ իրավիճակին»:
Սիմոնյանը նաև չի ժխտել, որ նախկին կնոջ՝ Մարիամի ու նրա մայրիկի միջոցով է դեռևս 2009-ին ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ, բաց նշել է, որ դա պատճառ չէ պարտքի զգացողություն ունենալու:









