Foto

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի հայրենի քաղաքում բռնություն է ծավալվել նրա սպասվող վերադարձից առաջ

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի հայրենի քաղաքի բնակիչները հայտնվել են անվտանգության խիստ միջոցառումների և շարունակվող քաղաքական բռնության միջև՝ դեկտեմբերին սպասվող նրա վերադարձի նախաշեմին, հաղորդել է AFP-ն։

Նրանց խոսքով՝ իրենք բախվում են ահաբեկման և վախենում են ձերբակալություններից՝ նախկին առաջնորդի հետ ենթադրյալ կապերի պատճառով։

Գոպալգանջ քաղաքը, որը համարվում է Հասինայի քաղաքական հենարանը, շարունակում է լարվածության օջախ մնալ այն բանից հետո, երբ նա հայտարարել է Բանգլադեշ վերադառնալու մտադրության մասին։ Նոյեմբերին նա հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք, ըստ մեղադրանքի, կատարվել են 2024 թվականի ապստամբության ընթացքում։

Հասինայի կողմնակիցների՝ կիրակի օրը նախատեսված խոշոր հանրահավաքի նախաշեմին իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները և քաղաք ուղարկել ուժային կառույցների հարյուրավոր աշխատակիցների։ Բնակիչները պնդում են, որ վերջին ամիսներին սահմանված լայնածավալ սահմանափակումները լրջորեն բարդացրել են առօրյա կյանքը։

Իշխանությունները պնդում են, որ արգելված «Ավամի լիգ» կուսակցության կողմնակիցները վերջին շաբաթներին ամբողջ երկրում առնվազն 72 հանկարծակի ցույց են անցկացրել և հրկիզող խառնուրդով շշերի կիրառմամբ ավելի քան 100 հարձակում իրականացրել։

Ի պատասխան՝ ուժային կառույցներն անվտանգության ապահովման լայնածավալ գործողություններ են սկսել։ Հատկապես մեծ վնաս է կրել Գոպալգանջը. այնտեղ հրկիզվել են ոստիկանական երկու բաժանմունք և մի քանի այլ շենքեր։ Բանկային բջջային ծառայությունների աշխատանքը կասեցված է, Դաքքայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է, ոստիկանական բաժանմունքները փաստացի դադարել են գործել։

«Ավամի լիգի» նախկին անդամ, փաստաբան Ջաբեր Ալամը հայտարարել է, որ քաղաքի բնակիչներին ընկալում են որպես թշնամիների։ Նրա խոսքով՝ փետրվարյան ընտրություններից առաջ հարյուրավոր մարդիկ հայտնվել են բանտում, կուսակցության շարքային կողմնակիցների դեմ շարունակում են քրեական գործեր հարուցվել։

Բռնությունը տարածվել է նաև այլ օբյեկտների վրա։ Երկրի նախկին ժամանակավոր ղեկավար Մուհամադ Յունուսի հիմնադրած Grameen Bank-ը հայտնել է, որ այս ամիս իր ավելի քան 100 մասնաճյուղեր հրկիզումներով ուղեկցվող հարձակումների են ենթարկվել։ Գոպալգանջի մասնաճյուղերից մեկում մնացել են կոտրված ապակիներ, այրված փաստաթղթեր և ջարդված կահույք։

Բանկի պահակ Զաքիր Բիսվասը պատմել է, որ հարձակվողներն իրենց գործողությունները կապում էին Բանգլադեշի հիմնադիր և Հասինայի հայր Շեյխ Մուջիբուր Ռահմանի տունը քանդելու՝ Յունուսի որոշման հետ։

Ռահմանի դամբարանին AFP-ի լրագրողները տեսել են «Շեյխ Հասինան վերադառնում է, Բանգլադեշը ժպտում է» գրությամբ պաստառներ։

Ներքին գործերի նախարար Սալահուդին Ահմեդը վերջին միջադեպերը որակել է դիվերսիոն գործողություններ։ Մինչդեռ Գոպալգանջի բնակիչները մտավախություն ունեն, որ քաղաքական դիմակայությունը կշարունակի սպառնալ իրենց անվտանգությանը։