Foto

ՔԿ-ն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը․ «Փաստինֆո»

Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չէր կայացել, քանի որ աշխարհիկ անդամներին հրատապության կարգով հրավիրել էին ՔԿ, եւ  օրակարգում ընդգրկված հարցերը նախատեսվում էր քննարկել այսօրվա նիստում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՔԿ-ն կրկին փորձել է տապալել նիստը։ Ժամը 10-ին այս անգամ արդեն հոգևորական անդամներին կրկին, իբր, «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ, հրավիրել են հարցաքննության։ Հոգեւոր հայրերը  հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։ Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն նիստը, այնուամենայնիվ, կայացել է։

Հատկանշական է, որ ՔԿ-ն կրկին հարցաքննության է հրավիրում մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ հրաժարվել են ցուցմունք տալ, և ակնհայտորեն կրկին հրաժարվելու էին։ Հետևապես, ակնհայտ է, որ իրականում այս գործողությունները որևէ հրատապություն չեն պարունակում, այլ կա ուղիղ հրահանգ՝ տապալելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրոնական մարմինների գործունեությունը։