Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի մի շարք այլ շրջաններ ավիահարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։
Telegram-ում հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊԲ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում, Շիրազում և Ահվազում «իրանական վարչակարգի ենթակառուցվածքներին»՝ վնաս հասցնելով նրանց համակարգերին և կարողություններին։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են մարտի 12-ին՝ ԻՊԲ հետախուզության տվյալների հիման վրա։ Շիրազում, ըստ հաղորդագրության, խոցվել է ստորգետնյա օբյեկտ, որն օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության համար։ Թեհրանում հարված է հասցվել հակաօդային պաշտպանության համակարգերի, զենքերի և հրթիռների բաղադրիչների արտադրության վայրերի։ Իսկ Ահվազում, հավելում է ԻՊԲ-ն, խոցվել են տարբեր մարմինների հրամանատարական կենտրոններ։
Իր հերթին, The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ մարտի 13-ի վաղ առավոտյան ևս Թեհրանը և հարակից շրջաններն ինտենսիվ ավիահարվածների են ենթարկվել։
Մերձավոր Արևելքի երկրներն էլ հայտնել են Իրանի կողմից հարվածների ենթարկվելու մասին։ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, Սաուդյան Արաբիան խոցել է 28 անօդաչու թռչող սարք։
Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Հորդանանում թիրախավորվել է «Մուվաֆաք Սալթի» ռազմաօդային ուժերի բազան, Բահրեյնում և Իրաքյան Քրդստանի Էրբիլում՝ ամերիկյան ռազմաբազաները։ Հարվածներ են հասցվել նաև Իսրայելին։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։









