Foto

5G-ի անվան տակ հեռախոսազանգերով խաբում են քաղաքացիներին․ ԿԲ-ն զգուշացնում է

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, հայտնում են Կենտրոնական բանկից։

«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով.

միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing)

ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը

Ուշադրություն. Եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։

ՀՀ կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին.

Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։

Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։

Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

Կոչ ենք անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է»։