Foto

ԱՄՆ-ը մոդուլային ռեակտորի մասին հեքիաթ է հորինել, որպեսզի մենք փակենք մեր ԱԷԿ-ը․ ՀՀ նախկին վարչապետ

ԱՄՆ-ն հեքիաթ է հորինել մոդուլային ռեակտորի մասին, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը։ Այս մասին փետրվարի 7-ին «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը տվյալ պահին ոչ մի մոդուլային ատոմակայան չունի։ Ըստ նրա՝ ինչ էլ որ Հայաստանում ստորագրի փոխնախագահ Վենսը, ԱՄՆ-ը ոչինչ չի անի, քանի որ դա իրենց ձեռնտու չէ։

Բագրատյանը կարծում է, որ համաշխարհային հանրության համար Հայաստանի արժեքը նվազելու է։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանի համար Հայաստանն արժեք ունի, քանի որ նրա առկայությունը թույլ չի տալիս միավորվել թյուրքական աշխարհին։

«Ի՞նչ արժեք ունի Հայաստանը Եվրամիության համար, նա «սատկելու ա» 10 տարի հետո։ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ու Թուրքիան 100 անգամ ավելի կարևոր են, քան Հայաստանը։ Իրավիճակը մեզ ստիպում է մտածել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Աշխարհում ռեսուրսների պայքար է ընթանում։ Հայաստանի ռեսուրսները գնահատվում են 15 մլրդ դոլար, Վրաստանինը՝ 40 մլրդ դոլար, Ադրբեջանինը՝ 500 մլրդ դոլար։ 100 տարի հետո մշտական պատերազմներ կսկսվեն ռեսուրսների համար, որոնք օրհասականորեն չեն հերիքելու 8-12 միլիարդ բնակչությանը. միլիարդավոր մարդիկ են զոհվելու», - ընդգծել է նախկին վարչապետը։

Նա հավելել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք իրենց ռեսուրսների միավորման դեպքում կարող են հասնել իշխանափոխության։ Ըստ նրա գնահատականի՝ արտաքին խաղացողները կաջակցեն նման ուժին և դա կբարձրացնի Հայաստանի նշանակությունը։ Բագրատյանը պարզաբանել է, որ ընդդիմությունը պետք է ժողովրդին ցույց տա այն ուժը, որին նա պետք է ընտրի։