Հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար ԱՄՆ դոլար, 37 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար ԱՄՆ դոլար և 20 մլն ՀՀ դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը եղբորը առձեռն տվել է 200 հազար ԱՄՆ դոլար, սակայն վերջինս բնակարանի անվանափոխության հարցը շահարկելով կրկին գումար է պահանջել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շորթում կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով եղբայրը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ մորը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։









