Foto

Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի

«Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ», այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ նման բանակցությունները զուտ պաշտպանական հարց են։

Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ վերջին շփումները «լավ մեկնարկային կետ» են, բայց ընդգծեով, որ վստահություն ձևավորելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Նախարարը նշել է, որ նախորդ օրը տեղի ունեցած բանակցությունները անուղղակի էին և սահմանափակվում էին բացառապես միջուկային հարցերով։

«Հարստացման արգելքի հարցը Իրանի համար քննարկման առարկա չէ։ Ուրանի հարստացումը Իրանի իրավունքն է, և այն պետք է շարունակվի», – հայտարարել է Արաղչին։

Նա հավելել է, որ նույնիսկ ռմբակոծությունները չեն կարողացել զրկել Իրանին այս ոլորտում իր հնարավորություններից։

Միևնույն ժամանակ, Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է հարստացման վերաբերյալ հավաստի համաձայնագրի։

«Հրթիռների վերաբերյալ բանակցությունները անհնար են ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում, քանի որ սա պաշտպանական հարց է», – ընդգծել է նա։

Արաղչին նաև հայտարարել է, որ իրանական միջուկային խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հարվածին հնարավոր պատասխանին՝ նա ասել է. «Իրանի վրա հարձակման դեպքում կթիրախավորենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները»։

Արաղչիի խոսքով, պատերազմի հնարավորությունը միշտ կա, և Իրանը պատրաստ է նման սցենարի։