Foto

Տուժողը դառնում է զինվորը․ գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարման մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով օրերս լուծարվեց ավելի քան 20 տարի ՀՀ զինված ուժերում գործող Հոգևոր առաջնորդության ինստիտուտը։

Որոշումն ընդունվեց այն օրերին, երբ շրջանառվում էին խոսակցություններ, թե բարձրաստիճան զինվորականները հանդիպումներ են ունենում գնդերեցների հետ՝ նրանց փորձելով ներգրավել Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված գործընթացներում։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ևս հայտնել էր, որ գնդերեց-սարկավագներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն՝ հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը։

Aysor.am-ի հարցին, թե այսպիսով փորձ չի՞ արվում բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, Տեր Պսակ քահանա Մկրտչյանը պատասխանեց՝ բանակը, կամա թե ակամա, ներքաշվում է դրանց մեջ։

«Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ իրենք միտումնավոր, թե ակամայից են փորձում բանակը ներքաշել, բայց փաստերն ակնհայտ են․ բանակը, կամա թե ակամա, մասն է դառնում այս ամենի։ Տրամաբանական է ենթադրել, որ գնդերեցների ինստիտուտի լուծարումը հենց այդ հակաեկեղեցական արշավի տրամաբանությամբ է պայմանավորված»։

Անդրադառնալով զինվորների կրոնական իրավունքներին՝ Տեր Պսակը փոխանցեց ՊՆ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ կառույցը լուծարվում է, սակայն նոր ձևաչափով է շարունակելու գործել։

«Նրանք ասում են, որ այսուհետ գնդերեցները այլ ֆորմատով պիտի ծառայեն։ Չեմ կարող ասել՝ որքան արդյունավետ կլինի այդ պատկերացրած ֆորմատը։ Բայց փաստն այն է, որ տուժողը դառնում է հասարակ զինվորը, սպան, որը ամենօրյա շփում ուներ գնդերեցի հետ»,- ասաց Տեր Հայրը։

Նրա համոզմամբ՝ նոր համակարգը չի կարող փոխարինել տարիներով ձևավորված կառույցին.

«Վստահաբար, նույնը չի լինելու։ Ճիշտ, համակարգված, փորձություններով անցած, մեծ փորձառություն ունեցող կառույցի ծառայությունից զրկվում է զինվորը»։

Տեր Պսակի խոսքով՝ գնդերեցները Վեհափառ Հայրապետի կողմից նոր նշանակում կստանան և ծառայությունը կշարունակեն այլ վայրերում։

«Մենք պատրաստ ենք ցանկացած ծառայության։ Ինչպես որ Վեհափառ Հայրապետը կկարգադրի, այնպես էլ մեր ծառայությունը կիրականացնենք»։

Հարցին՝ այս ընթացքում ճնշումներ եղե՞լ են գնդերեցների նկատմամբ՝ Տեր Պսակը պատասխանեց․

«Չգիտեմ՝ ճնշումն ինչպես եք պատկերացնում։ Իհարկե, չեն եկել, չեն կալանավորել, բայց Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան, ինչն աննախադեպ էր»։

Նրա խոսքով՝ այդ հսկողությունը շարունակվում է նաև այժմ։

«Քաղաքացիական հագուստով, մեքենաներով շուրջօրյա հերթապահում են։ Եթե սա ճնշում է, ուրեմն՝ «ճնշված» ենք։ Բայց խնդիր չենք տեսնում, մարդիկ իրենց ծառայությունն են իրականացնում։ Եկեղեցին Մայր Աթոռի սեփականությունն է, և մենք այստեղ ծառայում ենք»,- նշեց նա։

Տեր Պսակը տեղեկություն չունի, թե զինվորականներն ինչպես են արձագանքում ՊՆ-ի որոշմանը, սակայն ենթադրում է, որ այն ընկալվելու է ափսոսանքով.

«Կարծում եմ՝ բոլորը պիտի ափսոսանքով ընկալեն։ Աստված ողորմած է, հուսանք՝ ժամանակները կփոխվեն, և մենք նորից մեր ծառայությանը կլինենք։ Աստծու համար անհնարին բաներ չկան»։

Անդրադառնալով եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին՝ Տեր Պսակը նշեց, որ մեծ ցավ ու ափսոսանք է ապրում։

«Մարդկային սթափ տրամաբանությամբ դատելով՝ ենթադրելի է, որ այս ամենը տեղի է ունենում հենց եպիսկոպոսաց ժողովի նախօրեին և առնչվում է հակաեկեղեցական գործընթացին։ Ենթադրում եմ, որ փորձ կա խոչընդոտելու եպիսկոպոսաց ժողովի աշխատանքը»,-ասաց Տեր Հայրը։