Կուբայի ղեկավարությունը բաց է ԱՄՆ-ի և այլ երկրների հետ համագործակցության համար՝ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով՝ դրա հետ մեկտեղ չհրաժարվելով իր ինքնիշխանությունը պաշտպանելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կարիբյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Կուբան անվերապահորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով՝ դրա հետ մեկտեղ հաստատելով իր հանձնառությունը Միացյալ Նահանգների և այլ երկրների հետ համագործակցությանը՝ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով, - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ - Կուբան չի տեղակայում օտարերկրյա ռազմական կամ հետախուզական բազաներ և մերժում է դրանց բնութագրումը որպես սպառնալիք Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Կուբան չի աջակցել այս երկրի դեմ որևէ թշնամական գործունեության և թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի որևէ այլ ազգի դեմ։ Ընդհակառակը, Կուբան պատրաստ է վերսկսել և ընդլայնել երկկողմ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ ընդհանուր անդրազգային սպառնալիքներին հակազդելու համար՝ առանց հրաժարվելու իր ինքնիշխանության և անկախության պաշտպանությունից»։
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք նավթ են մատակարարում Կուբա։ Թրամփի հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում Կուբայի առնչությամբ ազգային արտակարգ դրության ռեժիմ է սահմանվում այդ երկրի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով։









