Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Աբու Դաբիում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ նոր հանդիպման հետաձգումը բացատրել է մասնակիցների ժամանակացույցի հետ կապված անհամապատասխանություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Անվտանգության հարցերով խմբի աշխատանքի երկրորդ փուլը նախատեսված էր նախորդող կիրակի օրը, սակայն անհրաժեշտ էին լրացուցիչ ճշգրտումներ՝ երեք կողմերի ժամանակացույցերը համապատասխանեցնելու համար», - ասել է նա։
Նշվում է, որ հանդիպման ամսաթվերը փետրվարի 4-5-ն են։
Պեսկովի խոսքով՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորումը բարդ և բազմակողմանի գործընթաց է. կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ որոշ հարցերի շուրջ, սակայն դեռևս կան այնպիսի հարցեր, որոնց շուրջ կարծիքները չեն համընկնում։
«Այնուամենայնիվ, Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և պատրաստ է շարունակել աշխատանքը», - նշել է նա։
Խոսելով բարձր մակարդակի հանդիպման մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ այն կարող է անցկացվել միայն Մոսկվայում։
Հունվարի վերջին Աբու Դաբիում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների առաջին փուլը, որին մասնակցել են ռուս և ուկրաինական պատվիրակությունները և ամերիկացի ներկայացուցիչներ: Փակ դռների հետևում կողմերը քննարկել են Վաշինգտոնի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի չլուծված հարցերը:
Հաջորդ բանակցությունները սկզբնապես նախատեսված էին փետրվարի 1-ին:









