Foto

ՀՀՄԱ կոչ է անում խստացնել վերահսկողությունը ՀՀ-ում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների՝ Հայաստանում գործունեության վերաբերյալ։

«Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, և լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության և նպատակների վերաբերյալ։

ՀՀՄԱ-ն կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն նման գործունեությունը պետք է իրկանացնի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին և ծառայի ՀՀ ժողովրդի շահերին։

Արդեն մի քանի տարի շարունակ, չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը, և ոչ օրինակ՝ Ադրբեջանը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին։

Առավել մտահոգիչ է, որ միջազգային գրանտային ծրագրերով ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերջերս «Առնիկան» կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզում` հողից, ջրից և քաղաքացիներից։

Մի պահ մի կողմ թողնելով նման ընտրովի գործունեության քաղաքական և աշխարհաքաղաքական դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները` անդրադառնանք մասնագիտական լրջագույն խնդիրներին։

«Առնիկայի» հրապարակումներում բացակայում է հստակ տեղեկատվությունը տվյալների հավաքագրման ընթացակարգերի, չափորոշիչների, վերահսկման և վավերացման մեխանիզմների, ինչպես նաև ներկայացվող եզրակացությունների գիտական հիմնավորման մասին։ Նման հետազոտության ու առավել ևս եզրակացության համար անհրաժեշտ է տարիների աշխատանք՝ ելակետային տվյալների հավաքագրում, հնարավոր աղտոտման բոլոր աղբյուրների ուսումնասիրություն, համեմատական անալիզ, տարբեր սեզոնների և տարածքների մոնիտորինգ՝ տարիների ընթացքում հնարավոր փոփոխության արձանագրում և համոզիչ գիտական փաստարկներ՝ այս կամ այն արդյունքի իրական պատճառների և աղբյուրների վերաբերյալ։ Սա տարիների աշխատանք է պահանջում։ Դժվար է պատկերացնել, որ իրեն որպես մասնագիտական կազմակերպություն ներկայացնող «Առնիկան» չգիտի, որ հնարավոր չէ «հետազոտություն» անել մի քանի օր նմուշ հավաքելով ու առավել ևս հնարավոր չէ դրա հիման վրա եզրակացություն անել։ Հետևաբար, նման գործելաոճը հուշում է հնարավոր այլ նպատակների մասին։

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ «Առնիկայի» չստուգված տվյալները ակտիվորեն օգտագործվում և տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների և քարոզչական հարթակների կողմից՝ Հայաստանի հասցեին տարածաշրջանային բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Նման նյութերի պարբերական հայտնվելը քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի հարթություններում լուրջ կասկածներ է առաջացնում, որ, այսպես կոչված, «հետազոտությունները» դուրս են գալիս զուտ գիտական շրջանակից և կարող են ծառայել այլ նպատակների։

Այս համատեքստում, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին։ Կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրումը և արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն խիստ պետական վերահսկողության, իրավական կարգավորման և ամբողջական թափանցիկության ներքո։

Մենք նաև նպատակահարմար ենք համարում բարձրաձայնել հետևյալ հիմնարար հարցը․կթույլատրե՞ր արդյոք Չեխիայի Հանրապետությունը, որ հայկական հասարակական կազմակերպությունները հավաքագրեն Չեխիայի քաղաքացիների կենսաբանական նմուշները, ենթադրենք՝ Չեխիայի բազմաթիվ ածխի հանքերի շրջակայքում, արտահանեն դրանք երկրից դուրս, առանց հստակ վերահսկողության՝ տվյալների հավաքագրման, մեթոդաբանության և նպատակի նկատմամբ, և ապա օգտագործեն այդ նյութերը` գիտականորեն չհիմնավորված հրապարակումներ անելու համար, որոնք կվնասեն Չեխիայի Հանրապետության հեղինակությանը և տնտեսական կարևոր ոլորտներին։ Նման մոտեցումը անընդունելի կլիներ ցանկացած պետության համար։

ՀՀՄԱ կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը, որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերին։

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է և գործում է ազգային օրենսդրության ու ոլորտային կարգավորումների շրջանակներում։ Ոլորտի նկատմամբ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի, մասնագիտական չափանիշների և իրական գիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կարգավորումների և լիարժեք վերահսկողության շրջանակներում»: