Foto

Գալուզինն ընդգծել է Բաքվում 11 ռուսաստանցիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ կողմերը հետագա զրույցի ընթացքում վերահաստատել են երկկողմ կապերի զարգացումը շարունակելու տրամադրվածությունը՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրին համապատասխան, որը ստորագրվել է 2022 թ. փետրվարի 22-ին Մոսկվայում:

«Արձանագրվել են հաջողությունները երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման գործում, լրիվ ծավալով մշակութային-հումանիտար կապերի վերականգնման կարևորությունը», – նշել են նախարարությունում:

Ըստ հաղորդագրության՝ Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը և 3+3 հարթակի աշխատանքի պահպանման հարցերը։