Նուրբ զգացմունքներ՝ ծնված հայացքների և լռության մեջ, նոր բեմական արտահայտություն ստացան Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում ներկայացված «Սիրո մասին» ներկայացման մեջ։ «Թատրոն 8»-ի բեմադրությունը հիմնված է Անտոն Չեխովի՝ կնոջը՝ Օլգա Կնիպերին ուղղված նամակների և գրողի «Առաջարկություն» կատակերգության հատվածների վրա։ Արդյունքում ծնվել է մարդկային զգացմունքների մասին գրական-թատերական կոլաժ, որտեղ վավերագրականն ու գեղարվեստականը համատեղվում են՝ ցույց տալու համար սերը այնպիսին, ինչպիսին այն գոյություն ունի առօրյայում, որտեղ քնարականն ու կատակերգականը համակեցության մեջ են։
Բեմադրության ռեժիսոր Վլադիմիր Տարասյանցն այսպես նկարագրեց իր ներկայացումը․ «Սիրո մասին»-ը ժանրերի միաձուլում է, որը ներառում է դերասանների թե՛ ապրած, թե՛ պատկերացրած պահերը։ Կան նաև բաց ուղերձներ հանդիսատեսին և դերասանների համագործակցություն։ Իսկ ինչո՞ւ Չեխով․․․ Թատերական աշխարհում կան երկու խորհրդանշական դեմքեր՝ Շեքսպիրը և Անտոն Պավլովիչը, որոնք առավել հաճախ են բեմադրվում, քան մյուսները, և այս անունների հետ ցանկացած առնչություն մեծ պատիվ է արվեստագետի համար։ Ավելին, Չեխովի մեծ երկրպագուլինելով՝ ես մտածեցի, որ երիտասարդ հայ դերասանների համար հետաքրքիր կլինի այս գրողի միջոցով ուսումնասիրել շատ բարդ և դրամատիկ թեման՝ սերը։ Ինչ վերաբերում է նրանց խաինն բնօրինակի լեզվով, ապա բարեբախտաբար, ես աշխատելեմ դերասանների հետ, ովքեր գերազանց տիրապետում են ռուսերենին, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա նրանց տալ այն, ինչն, իմ կարծիքով, բացակայում էր նյութի ընկալման առումով»։

Բեմադրությունը ներկայացվել է Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ջանքերով։
Ներկայացման մեջ ներգրավված են երիտասարդ դերասաններ Զառա Հակոբյանը, Լուսինե Կոստանյանը և Անտոն Աղաջանյանը։ «Ես մարմնավորում եմ երկու կերպար՝ Չեխովին և նրա «Առաջարկություն» կատակերգության հերոսին՝կալվածատեր Լոմովին։ Մի կերպարից մյուսին անմիջապես անցնելը, թերևս, հեշտ գործ չէ, բայց, անկասկած, հետաքրքիր է դերասանի համար։ Փրկությունն այն է, որ երկուսն էլ տառապում են անբուժելի հիվանդությամբ, սակայն նրանք տարբեր խառնվածքի տեր մարդիկ են. Լոմովը շատ կասկածամիտ է և անընդհատ բողոքում է իր առողջությունից, մինչդեռ Անտոն Պավլովիչը լավատես և ուրախ մարդ է», – մեզ հետ զրույցում խոստովանեց Անտոն Աղաջանյանը։









