Foto

Գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Ղազախստանի միջև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո Աստանայում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասատ Նուրբեկը փոխանակել են գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Կողմերը, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնում աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի համագործակցային հարաբերությունների զարգացմանը, խրախուսել և խթանել երկու պետությունների դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերին: Կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր հայ-ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության նպատակով:

Փոխանակվել են նաև Հայաստանի և Ղազախստանի ազգային գրադարանների, Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Ղազախսինեմա» ազգային կինոյի աջակցության պետական կենտրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ղազախստանի Ա. Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի միջև համագործակցության մասին հուշագրեր:

Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: