Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում կազմակերպված ներկայացում-քննարկմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է Psychologie clinique գիտական հանդեսի հատուկ համարի հրապարակման շրջանակում՝ «Հայոց լինելիությունը․ պատմություն, մշակույթ և հումանիտար գիտություններ» խորագրով։ Հատուկ համարը նվիրված է Հայաստանի պատմությանը և հակամարտությունների ազդեցությանը հասարակության տարբեր շերտերի վրա։ Համարի խմբագիրներն են Պատրիկ Ալեսյանը և Անահիտ Դասսյո Տեր Մեսրոպյանը։
Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրկլին։
Քննարկմանը մասնակցել են տարբեր ոլորտների ճանաչված մասնագետներ՝ պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, հոգեվերլուծության, արվեստի և մշակույթի բնագավառներից՝ ապահովելով ներկայացված թեմաների բազմադիսցիպլինար և համակողմանի դիտարկում։









