Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստը: Քննարկվել են պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 34 նախագծեր, ինչպես նաև մի շարք պատմամշակութային կառույցների նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 39 հասցեի բնակելի շենքը (1937 թ.), Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ 50 հասցեի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շենքը (1938 թ.) և Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի հնձանը (13-րդ դար):
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Հակո գյուղի կոթողն ու պատվանդանը (վաղ միջնադար), Արարատի մարզի Դվին և Գետազատ գյուղերի վարչական սահմաններում գտնվող Դամբարանադաշտը (Դվին-Երանոս) (մ.թ.ա. XV-IV դդ.), Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանոց (Ձմեռոց) (VII-XVII դդ․), Քառակող կոթողի պատվանդան (մ․թ․ա․ II-I հազ.) և բնակատեղի (մ․թ․ա․ II-I հազ.) պատմամշակութային օբյեկտները:
Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Բնակատեղի (մ.թ.ա. III հազ.) (պետցուցիչ՝ 3.82.1), Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի եկեղեցի (XII-XIII դդ․) (պետցուցիչ՝ 4․31․1․1), գերեզմանոց (XII-XVII դդ․) (պետցուցիչ՝ 4․31․1), մատուռ (XII-XIII դդ․) (պետցուցիչ՝ 4․31․1․2), Lոռու մարզի Ագարակ գյուղի եկեղեցի Սբ. Սիոն (1202 թ.) (պետցուցիչ՝ 5.9.10), եկեղեցի Կենդագեղ (12-13 դդ.) (պետցուցիչ՝ 5.9.10), Կոտայքի մարզի Զովշեն գյուղի մատուռ «Վերի Սուրբ», XII-XIII դդ. (պետցուցիչ՝ 6.28.8), քարայր-կացարան (քարի դար-ուշ միջնադար) (պետցուցիչ՝ 6.28.9), Պտղնի գյուղի «Պտենիս» ամրոց (մ.թ.ա. II հազ., միջնադար) (պետցուցիչ՝ 6.54.2), Դամբարանադաշտ (մ.թ.ա. II-I հազ.) (պետցուցիչ՝ 6.54.2.1), Վայոց ձորի մարզի Շատին գյուղի եկեղեցի (VI-VII դդ.), գերեզմանոց, (VII-XVII դդ.), քառակող կոթողի խարիսխ (V-VII դդ.) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։
Ներկայացված նախագծերը հանձնաժողովի կողմից համարվել են ընդունելի և, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցվելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։









