Foto

Ընդդիմությունը պարտավոր է Վաղարշապատից նույնպես դասեր քաղել. Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը ներկայացրել է դիտարկումներ՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների հետքերով.

«1. Համայնքային ընտրություններ՝ առանց համապետական ուշադրության!

Ի տարբերություն այս տարվա Գյումրու ընտրությունների՝ Վաղարշապատի ընտրությունները չդարձան համապետական ուշադրության և քննարկման առարկա, և հայ հասարակության էական մասը դրանցով չէր հետաքրքրվում։

Լայն հանրությունը սկսեց հետևել Վաղարշապատի ընտրություններին միայն արդյունքների ամփոփման ժամանակ։

  1. Gerrymandering (ընտրատարածքների խեղաթյուրում)!

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին էականորեն նպաստեց հատուկ այս ընտրություններում հաղթանակ տանելու նպատակով Վաղարշապատ (Էջմիածին համայնք և Ոսկեհատ) համայնքի միացումը Խոյ համայնքին (Արմավիրի մարզի 17 գյուղ)։

Երկու համայնքների միացման հիմքում բացառապես քաղաքական շահն էր՝ անտեսելով համայնքային շահերը։

Ի տարբերություն Էջմիածին քաղաքի՝ Խոյ համայնքում ընդդիմության աջակցությունը նվազ էր, իսհ իշխանական ռեսուրսը՝ շատ։

3.Ռեյտինգային թեկնածու!

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն աշխատել էր որպես Արմավիրի մարզպետի տեղակալ, Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի մարզպետ, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար և օբյեկտիվորեն ուներ զգալի հեղինակություն համայնքի բնակիչների շրջանում։

Նրա անձնական վարկանիշը, դրված վարչական ռեսուրսը և ամռանը կատարված Gerrymandering (ընտրատարածքների խեղաթյուրում) կանխորոշեցին նշված 48,5 % ձայն հավաքելը։

Նշված որևէ կերպ չպետք է նսեմացնի Սևակ Խաչատրյանի, «Հաղթանակ» դաշինքի կատարած գործը և հեղինակությունը։ Ստեղծված վիճակում ավելի քան 10,000 ձայնը հավաքելը մեծագույն ձեռքբերում է!

  1. Ընտրության արդյունքներից դասեր քաղելու անհրաժեշտությունը.

Այո, Արցախի հայաթափումից հետո իշխող ուժի առաջին հաղթանակը ներկայացնել որպես «մեծագույն ձեռքբերում», մեղմ ասած՝ անհասկանալի է, անտրամաբանական և անլուրջ։

Ակնհայտ է, որ Գյումրու և Փարաքարի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արել էր որոշակի հետևություններ և ավելի կատարելագործել իշխանական ռեսուրսի կիրառման հմտությունները։

Հետևաբար, եթե հավաքական ընդդիմությունը նույնպես ցանկանում է հաջողություն գրանցել սպասվող համապետական ընտրություններում, պարտավոր է նույնպես դասեր քաղել ու կատարել գործնական հետևություններ։

5.Դաշտի ձևավորում.

Առավել ևս, որ քաղաքական դաշտը տրանսֆորմացվում է, և ձևավորվող ու ձևավորված շատ ուժեր մասնակցություն չունեցան Վաղարշապատի ընտրություններին:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը դիտորդական առաքելություն է իրականացրել նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։