Foto

Աշխատում ենք ԱՄՆ-ի պատրաստած փաստաթղթի վրա. Զելենսկին զրուցել է Մակրոնի, Մերցի և Սթարմերի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ զրույցի մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

«Մենք քննարկեցինք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիրը։ Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերն այս պատերազմը դադարեցնելու համար։ Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի կողմից պատրաստված փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի այնպիսի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն», – գրել է նա։

Զելենսկին հավելել է, որ եվրոպացի առաջնորդների հետ համակարգում է ջանքերը, որպեսզի հաշվի առնվեն սկզբունքային դիրքորոշումները։

«Մենք համակարգեցինք հաջորդ քայլերը և համաձայնեցինք, որ համապատասխան մակարդակների թիմերը կաշխատեն միասին», – հավելել է նա։Ֆրիդրիխ Մերցի վարչակազմի հայտարարությանը հակառակ՝ Զելենսկին չի մեկնաբանել Միացյալ Նահանգների կողմից պատրաստված ծրագրի բովանդակությունը։

Ըստ BBC-ի՝ Գերմանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի առաջնագիծը, և որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է պահպանեն երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու կարողությունը։