Նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Այն չզեկուցվող հարցերի օրակարգում է։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը:
«Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։
Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև՝ շրջաններ։
Անդրադառնալով հայ փորձագետների՝ Բաքու սպասվող այցին, Մամեդովը հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։









