Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարատակ գյուղի 38-ամյա բնակիչը թմրանյութ է պատրաստում և պահում։ Քրեական ոստիկանները նոյեմբերի 19-ին Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղում նրան հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամ դեղնականաչավուն զանգված։
Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը թմրանյութ է պահում նաև Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող տանն ու Սարատակ գյուղի ավտոտնակում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Մազմանյան փողոցի տանը հայտնաբերվել է 501 գրամ, իսկ Սարատակ գյուղի ավտոտնակում՝ 202 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









