Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև դա նոր հնարավորություններ է բացելու Վրաստանի համար։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակներում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ամփոփելով Թբիլիսիում անցկացրած հանդիպումներն ու դրանց արդյունքները։
Փոխնախարարի բնորոշմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց քննարկումներ են ունենում տարբեր հարցերի վերաբերյալ։
«Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց շփումներ են ունենում երկուստեք հուզող հարցերի շուրջ։ Խոսում ենք նաև, բնականաբար, տարածաշրջանային համագործակցության մասին, որովհետև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո, ըստ էության, ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև դա նոր հնարավորություններ է բացելու բարեկամ Վրաստանի համար։ Այդ առումով երկկողմ օրակարգը բավականին հագեցած էր, և վստահաբար նաև այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը իր հանդիպումների ընթացքում շոշափել է այս բոլոր թեմաները»,-ընդգծեց Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով տարբեր ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը՝ Կոստանյանն ընդգծեց, որ երկու երկրները մշտական երկխոսության մեջ են, փոխայցերի ինտենսիվությունը բավականին բարձր է։
«Վերջին 1-2 ամսվա ընթացքում արդեն ունեցել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը, օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս պաշտոնական այցով Թբիլիսիում էր, Արդարադատության նախարարը ևս այստեղ էր, մյուս շաբաթ սպասվում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցը։ Բացի դրանից, վրացի գործընկերների հետ շփումները նաև հեռավար են շարունակում, ինչը խոսում է մեր հարաբերությունների կարևորության մասին»,-նշեց Վահան Կոստանյանը։









