Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի առաջիկա հանդիպման ժամանակ կարող են քննարկվել ուկրաինական հարցը, երկկողմ հարաբերությունները և տնտեսական օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Իհարկե, ուշադրության կենտրոնում են հատուկ ռազմական գործողության թեման և արևմտյան խմբի կողմից Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը, որը չի կարող մեզ գոհացնել։ Կան նաև երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Ես չեմ բացառում նաև տնտեսական ոլորտին վերաբերող հարցերը. դրանք նույնպես ուշադրության կարիք ունեն», - Ռյաբկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Փոխնախարարը շեշտել է, որ Մոսկվայի համար հիմա կարևոր է ամերիկացիներին փոխանցել, որ Ալյասկայում օգոստոսին տեղի ունեցած հանդիպումը սահմանել է այն շրջանակը, որի շրջանակում «մենք պետք է աշխատենք»։
«Այստեղ մենք այլընտրանք չունենք. մենք պետք է բոլոր ապագա ջանքերում հենվենք այն ամենի վրա, ինչ սահմանել և ձևակերպել են նախագահները։ Իսկ այլ, թեկուզ կարևոր, բայց ժամանակատար սյուժեների հաշվին օրակարգն արհեստականորեն ընդլայնել կարելի է, սակայն թե որքանով դա կօգնի հիմնական ուղղությանը իմ նշած ոլորտներում, հարց է», - հավելել է փոխնախարարը։
Իր հերթին, «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ռյաբկովը նաև հայտնել է Լավրովի և Ռուբիոյի առաջիկա հեռախոսազրույցի մասին։









