Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից շտապօգնության խումբը «Էջմիածին» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 46-ամյա Սերգեյ Չ․-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել դանակը որովայնի մեջ խրված՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում Սերգեյ Չ․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 5-րդ տեղամասի խցերից մեկում խոհանոցային դանակով կատարել է որովայի շրջանում ինքնավնասում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում արտահանձնվել Մոլդովայի Հանրապետությանը, քանի որ այնտեղ իր կյանքին վտանգ է սպառնում։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։