Հայր Ներսես Հարությունյանը գրում է.
«Ես ձեզ պարզապես չեմ հավատում…
Դուք երբեք չեք թաքցրել ձեր քամահրանքն առ քրիստոնեություն, ատելությունն առ Առաքելական եկեղեցին, ծաղրանքն առ հոգևորականություն և՝ ձեր աթեիզմը. հիմա սեր ու մտահոգություն բուսնեց ձեր մեջ, տեսաք «անհանդուրժելի սխալներ» և մաքրե՞լ ուզեցիք…
Ես ձեզ պարզապես չեմ հավատում…
Ձեր «հավատարիմներն» այս օրերին և դրանից առաջ էլ չեն դադարում քրիստոնեությունը, Առաքելական եկեղեցին, հոգևորականությանը պախարակող ստահոդ, սադրիչ, կեղծիքի սահմաններից անդին լողացող անօրենություններ տարածել. ու ես հավատամ, որ ազնի՞վ են ձեր ձգտումները…
Ես ձեզ պարզապես չեմ հավատում…
Ձեր անդեմ օգտատերերը մեզ հայհոյում են, անարգում, սադրում, սպառնում, որ վախենա՞նք, քաշվե՞նք, հնազանդվե՞նք ձեր վայրագություններին… Կարող եք մեզ բանտել, սաստիկ սահմանափակել, սպանել… մենք մեր անձը ուրանալ գիտենք, զի մահկանացու ենք, բայց հավատում ենք անմահ հոգուն…
Ձեր անդեմ վարձկանն ինձ ասում է՝ «հեսա տիրոջդ ռադ ենք անելու աթոռից, անգործ կմնաս…». սա է ձեր կյանքի փիլիսոփայությունը, իմաստն ու հավատամքը, բայց սա մերը չէ, քանզի մեր Տերն Արարիչն Աստված է…
Ես ձեզ պարզապես չեմ հավատում…
Ձեր ժամանակն է, ավելի խրվեք ձեր հոգևոր և մարմնական մեղքերի ու անօրենությանց մեջ, մենք՝ մեր ցավի մեջ անգամ առաջնորդվում ենք սիրով… Դուք դարձի չեք գա, արդեն ձեր մեղքերն առաջնորդվում են մեծագույնով՝ հպարտությամբ։ Ավերեք, հիացեք ձեզ տրված իշխանությամբ, հմայեք ձեր ձեռնասուններին, հմայվեք ինքներդ ձեզնով…
Ես ձեզ պարզապես չեմ հավատում…
Դուք ասում էիք՝ «Աղդամն իմ հայրենիքն է», և ուրացաք, դուք ասում էիք՝ «Արցախը Հայաստան է», և արդյունքը տեսանք, աներևակայելի սեր էիք խոստովանում արցախյան պայքարին ու հերոսներին, հիմա այս ամենը սարքել եք տաբո՛ւ… Անգամ աշխարհի լավագույն մտադրություններն ունենաք՝ ձեր այսօրվա խոսքերի մեջ, միևնույնն է, ձեր գործերն այլ բան են վկայում…
Ես ձեզ պարզապես չեմ հավատում…»