Գազայում ավելի քան 500 մարդ է սովամահ եղել 2025 թվականի տարեսկզբից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Ժազարևիչը։
«ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակիցը հայտնել է, որ Գազայում այժմ ավելի քան 15,5 հազար մարդ, այդ թվում՝ 3800 երեխա անհապաղ տարհանման կարիք ունի։
«Անհրաժեշտ է արագացնել բժշկական տարհանումը, դրա համար պետք է, որ ավելի շատ երկրներ ընդունեն բուժառուներին»,- նշել է Ժազարևիչը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին Գազայում մասամբ գործում են 36 հիվանդանոցներից 13-ը, իսկ 179 առաջնային օղակի բուժհաստատություններից՝ 62-ը։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները համաձայնության են եկել ամերիկյան ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, որը ենթադրում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի հետքաշում համաձայնեցված դիրքեր։ Հրադադարի շուրջ համաձայնությունն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: